Հովիկ Աբրահամյանը հաշված օրերում ունեցավ այնպիսի հաջողություններ, ինչպիսիք քաղաքական շատ գործիչներ չեն արձանագրում տարիների, նույնիսկ' իրենց կենսագրության ընթացքում:

 

Սահմանադրական հանրաքվեի շռնդալից «Այո»-ն ապահովեց հենց վարչապետի գլխավորած շտաբը, կնշանակի՝ Աբրահամյանը կարողացավ կոնսոլիդացնել իշխանության վարչական ռեսուրսը, օլիգարխիկ պոտենցիալը, նաև քրեական հեղինակություններին:

 

Հանրաքվեից երեք օր անց՝ Աբրահամյանի կառավարության բյուջեն խորհրդարանում ստացավ 97 կողմ ձայն. աննախադեպ աջակցություն: Սա այն դեպքում, որ սա անկախության 24 տարվա ամենախղճուկ բյուջեներից մեկն էր:

 

Սրանք հաղթաթղթեր են, որոնք Հովիկ Աբրահամյանին պետք են՝ Սերժ Սարգսյանի ժառանգորդը դառնալու համար: Սահմանադրական փոփոխություններից հետո իր երազանքն իրականություն դարձնելու համար՝ Արգամիչն ընդամենը պետք է պահպանի իր պաշտոնը:

 

Շատերը, սակայն, ոչ տողերիս հեղինակը, դա իրատեսական էին համարում՝ մինչև Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսը: Դրանից հետո շատերի համար պարզ դարձավ, որ Հանրապետության նախագահը, կարծես թե, մտափոխվել է ու 2018թվականից հետո մտադիր է զբաղեցնել վարչապետի պաշտոնը:

 

Ենթադրում եմ, որ Հովիկ Աբրահամյանի համար նախապատրաստվում է քավության նոխազի կարգավիճակը: Առիթներ միշտ կգտնվեն ու կան. տնտեսության ողբալի վիճակը, կոռուպցիան, որը թե՛ ներսում և թե՛ արտաքին աշխարհում հեշտ է կապել գործող վարչապետի անվան հետ, ի վերջո՝ կեղծված հանրաքվեն:

 

Կստացվի, որ Արգամիչի այսօրվա հաղթանակները պյուռոսյան են՝ թվացյալ:

 

Բայց եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը չհավակնի վարչապետի պաշտոնին, դրան կարող են հավակնել ազդեցիկ այլ խմբեր ու գործիչներ: Աբրահամյանի պոտենցիալ մրցակիները կարող են դառնալ Կարապետյանների ընտանիքը, Վիգեն Սարգսյանը, նախագահի աջակցությունը վայելող գեներալներից մեկը, Մոսկվայում դիրքեր ամրապնդող Տիգրան Սարգսյանը և այլք:

 

Հանրաքվեից հետո՝ իշխանության ներսում սկսվել է կուլիսային անողոք պայքար, որում պարտվողը կարող է կորցնել ամեն բան:

 

Սուրեն Սուրենյանց