«Ժողովուրդ» թերթը գրում է.

 

«Շուրջ մեկ շաբաթվա ընթացքում ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի 2 դեպքեր գրանցվեցին զինծառայողների շրջանում: Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Խաչատրյանն էր ինքնասպան եղել, իսկ ավելի վաղ' նոյեմբերի 9-ին, ինքնասպանության փորձ էր կատարել ՀՀ ՊՆ զորամասի ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանը: Դեռեւս 2013 թվականի ՀՀ ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի եւ նրա ծառայակից ընկերների միջեւ մի «պզուկի» պատմության հետեւանքով տեղի ունեցած սպանության դեպքը, կարծես թե, դաս չեղավ ինչպես ՊՆ-ի, այնպես էլ զինվորների համար:

 

2015թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Խաչատրյանը, լինելով պետական սահմանի պահպանության սահմանապահ վերակարգի կազմի մեջ, իրեն ամրակցված ինքնաձիգով ինքնասպան էր եղել:

 

Գեւորգ Խաչատրյանի ինքնասպանության դեպքից «Ժողովուրդ»-ին մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես թե ինչ մոլեխաղեր են կազմակերպել գործով անցնող կապիտանը, ավագ լեյտենանտն ու երկու շարքայինները, եւ ինչո՞ւ էր շարքային Գեւորգ Խաչատրյանը գնացել ինքնասպանության: Ըստ մեզ հասած տեղեկությունների' վերոնշյալ օրը Գեւորգ Խաչատրյանը կապիտան Ոսկանյանը, ավագ լեյտենանտ Հ. Վարդեւանյանը եւ շարքայիններ Հ. Մուրադյանը եւ Ա. Սարգսյանը թղթախաղ են խաղացել եւ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ պարտվողը պետք է անի այն, ինչ հաղթողները կամենան: Գեւորգը խաղը պարտվել է, եւ վերոնշյալ անձինք նրան ծիծաղելի առաջադրանք են տվել, ինչը նա պայմանի համաձայն կատարել է: Օրինակ՝ չոքեչոք գնա կապիտանի շան մոտ ու նրան կերակրի կամ այլ նմանօրինակ առաջադրանքներ:

 

Նշենք, որ ի սկզբանե, խաղը սկսելուց առաջ, տղաները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ եթե պարտվողը չանի, ապա նշանակում է, որ դրժում է տղամարդավարի տված իր խոսքը: Եվ, ահա, Գեւորգը պարտվելուց հետո որոշել է տեր կանգնել տղամարդու իր խոսքին ու կատարել է տղաների զվարճալի առաջադրանքը: Սակայն այսքանով պատմությունը չի ավարտվել: Ու այդ խաղը ճակատագրական դարձավ շարքային Գեւորգի համար: Բանն այն է, որ խաղից հետո ծառայակից տղաները սկսել են ծաղրել, անընդհատ հիշեցնել, թե ինչպես ծնկաչոք կեր տվեց կապիտանի շանը եւ այլն:

 

Ըստ էության, Գեւորգին դուր չի եկել ծառայակից ընկերների կողմից իրեն ծաղրելու դրսեւորումները, եւ նա զգուշացրել է' դադարեցնել ծաղրանքը: Սակայն նրա խոսքը տեղ չի հասել, եւ նրան ծաղրելու փորձերը շարունակվել են, ինչի արդյունքում Գեւորգ Խաչատրյանը իրեն ամրակցված զենքով ինքնասպան է եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում