Շիրակի մարզի Հացիկ գյուղում օգոստոսի 14-ին կախված հայտնաբերված ժամկետային զինծառայող Աբաս Սլոյանն ազգությամբ եզդի էր, ընդամենը 20 օրվա ծառայող էր: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Հացիկի գյուղապետ Կարեն Ներսիսյանը:
Գյուղապետը նշեց՝ նրան կախված հայտաբերել են հորեղբոր տան թոնրատանը. «Հորեղբոր ընտանիքը երկու տարի է` մեկնել է Հայաստանից և այնտեղ ոչ ոք չի բնակվում: Իրենց տանն էլ մոտ էր գտնվում: Նրան կախված վիճակում հայտնաբերել է հեռավոր ազգականներից մեկը, եթե չեմ սխալվում` հոր հորեղբոր տղան»,- ասաց նա:
Ներսիսյանի խոսքով՝ զինծառայողի ընտանիքը սոցիալապես այնքան էլ լավ վիճակում չէր. «Աշխատող ընտանիք են: Զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ: Աբասը շատ լավ տղա էր, լավ ընտանիքի զավակ էր: Ապրում էր ծնողների, քրոջ, եղբոր, տատիկի ու պապիկի հետ»:
Աբաս Սլոյանը ընդամենը 20 օր էր, ինչ ծառայում էր Արմավիրում: Թե ինչպես է զինծառայողը հայտնվել գյուղում, գյուղապետը դժվարացավ ասել, միայն փոխանցեց, որ զորամասից դուրս է եկել առանց թույլտվության:
Ամբողջ գյուղը ցնցված է. ոչ ոք չգիտի՝ ինչն է եղել զինվորի կախվելու պատճառը կամ արդյո՞ք այն ինքնասպանություն է եղել, թե՝ ոչ:
Գյուղապետը նշեց, որ Աբաս Սլոյանը բանակ էր զորակոչվել հուլիսի 26-ին. «Նման խոսակցություն չի եղել, որ չի ուզեցել ծառայել, ոչ մի խնդիր չի եղել: Մի քանի օր առաջ երդման արարողությունն էր, ծնողները գնացել էին, ոչ մի դժգոհություն չէր ունեցել»:
Նշենք՝ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում քննություն է կատարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Աբաս Մամոյի Սլոյանի մահվան հանգամանքները:
Ինչպես տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեից, 2017 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Շիրակի մարզի Հացիկ գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի օժանդակ կառույցում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Աբաս Մամոյի Սլոյանի դիակը` կախված վիճակում:
Սոնա Հարությունյան