Մի հարցում խորհրդարանի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ լիարժեքորեն համաձայն եմ. եթե սպառված են ընտրությունների, հանրաքվեի արդյունքների վիճարկման լեգալ միջոցներն, անիմաստ են դառնում լեգիտիմության մասին վեճերը: Ի վերջո՝ հիշենք նույն Ռոբերտ Քոչարյանին, ում լեգիտիմությունն ընդդիմությունը վիճարկում էր նրա պաշտոնավարման առաջին իսկ օրվանից, բայց դա չխանգարեց, որ երկրորդ նախագահը Բաղրամյան 26-ում մնա սահմանադրական ողջ ժամկետում:
Երեկ ԿԸՀ-ն ամփոփել է սահմանադրական հանրաքվեի արդյունքները, կասկած չկա, որ Սահմանադրական դատարանը ևս մերժելու է հանրաքվեի արդյունքները չեղարկելու՝ ՀԱԿ-ի հայցը:
Ասելիքս այն է, որ բոլորս այլևս ապրում ենք նոր «խաղի կանոններով»՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպես ենք դրանց բովանդակությանը կամ ընդունման ձևին վերաբերվել:
Այլևս երկրում գլխավոր իրադարձություն են համարվելու խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացվելու են բացառապես համամասնական ընտրակարգով:
Բոլոր գործընթացները, քաղաքական սուբյեկտների քայլերն այլևս դիտարկվելու են 2017թ. խորհրդարանական ընտրությունների համատեքստում:
Այս ուղղությամբ առաջին քայլն արեց հենց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով շաբաթ օրը Երևանի «Մարիոթ» հյուրանոցում ի մի էր բերել «Դեմ եմ» շարժումից հայտնի քաղաքացիական ակտիվիստներին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ծնունդն ազդարարելու համար:
Հայտարարվեց ձևով ու բովանդակությամբ նոր կուսակցության ստեղծման մասին՝ լիբերալ արժեհամակարգով և եվրոպական կողմնորոշմամբ:
Երբ կարդում էի այս կուսակցության համագումարին նվիրված նյութերը, ակամա նմանություն տեսա Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» հետ: Խոսվում է գրեթե նույն գաղափարների, արժեքների մասին, օգտագործվում է նույն տերմինաբանությունը՝ քաղաքական սերնդափոխություն, քաղաքական նոր մշակույթ և այլն:
Էդմոնի ու Նիկոլի քաղաքական մեկնարկը տարբեր է եղել: Ոմանք Փաշինյանին համարում են հիմա տոն տվող էլիտայի ներկայացուցիչ, պնդումներ են անում, որ նրա «աստեղնային ժամը» հետևում է: Այս առումով՝ Մարուքյանը քաղաքականության մեջ նոր մարդ է, եթե հաշվի չառնենք վերջին տարիների նրա բավականին ակտիվ պատգամավորական գործունեությունը:
Սակայն անհամեմատ ավելի շատ են երկու գործիչներին միավորող գործոնները. նրանց թիմերի կորիզը կազմում են քաղաքացիական ակտիվիստները, նրանք դեմ էին սահմանադրական փոփոխություններին՝ հանրահավաքային ընդդիմությունից սահմանազատվող զուսպ վարքագծով, նրանք խոսում են ինստիտուցիոնալ ընդդիմության անհրաժեշտության մասին՝ կարևորելով խորհրդարանական առաջիկա ընտրությունները:
Իշխանությունների քաղաքականությունը հաճախ է հայտնվում երկու պատգամավորների քննադատության թիրախում, բայց մենք չենք լսում հրաժարականների բարձրագոչ պահանջներ: Սա պատճառ է դարձել, որ թե Նիկոլը և թե Էդմոնը գործող ընդդիմության կողմից արժանանան քննադատության, պիտակավորվեն «իշխանության նախագիծ» տերմինով:
Այս թեմային դեռ կանդրադառնանք, առայժմ նկատենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» կամ «Լուսավոր Հայաստանի» ծնունդը հնարավոր էր գործող քաղաքական համակարգի համապարփակ ճգնաժամի պայմաններում, երբ իշխանության վարկանիշը զրոյական է, իսկ ընդդիմությունը՝ քաղաքականապես ու բարոյապես մաշված: Նաև խիստ կարևոր է այն հանգամանքը, որ անորոշության է մատնված էլեկտորալ այն բազան, որին այս կուսակցությունները հավակնում են: Նրանք գալիս են' լրացնելու հիմնականում այն նիշը, որը պատկանում է կամ ավելի ճիշտ՝ էր, «Ժառանգություն» կուսակցությանը, որը փորձագիտական համընդհանուր կարծիքով՝ չունի ռեաբիլիտացիայի որևէ հնարավորություն, շանս:
Ինձ համար ակնհայտ է նաև, որ Ն. Փաշինյանի ու Էդ. Մարուքյանի նախագծերն առանձին-առանձին հաջողելու շանս չունեն՝ մարդկային ռեսուրսների, ժամանակի սահմանափակվածության պատճառով:
Նրանց հնարավոր դաշինքը կարող է կոնսոլիդացնել լիբերալ էլեկտորատը՝ այն հասցնելով 7-10%-ի շեմին:
Մյուս կողմից՝ չփախչենք իրականությունից ու արձանագրենք, որ հաջորդ խորհրդարանում հայտնվելու համար՝ կարևոր է ոչ միայն ընտրողի քվեն, այլ նաև՝ իշխանության որևէ կենտրոնի աջակցությունը:
Հիմա իշխանություն կոչվածը բազմաշերտ հասկացություն է, ու խոսքը ոչ թե ամբողջ իշխանության, այլ նրա կենտրոններից մեկի աջակցության մասին է:
Ի վերջո, դեկտեմբերի 6-ին Հայաստանում իրականացվեց հեղափոխություն՝ «վերևից ներքև» սխեմայով (կուզեք՝ տեղի ունեցածը հեղաշրջում համարեք. դրանից իրականությունն ավելի պայծառ չի դառնում): Նույն տրամաբանությամբ կազմավորվելու է նաև նոր խորհրդարանն, ու դժվար է մեղադրել քաղաքական նոր ուժերին՝ իրականությանը բաց աչքերով նայելու համար:
Սուրեն Սուրենյանց