Եգիպտոսի՝ A321 ռուսական օդանավի աղետի հետաքննության հանձնաժողովը ինքնաթիռում ահաբեկչության վարկածը հաստատող ապացույցներ առայժմ չի ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, ասված է աշխատանքային խմբի՝ դեկտեմբերի 14-ին հրապարակված նախնական զեկույցում: «Հետաքննության հանձնաժողովն արտաքին անօրինական ներգործության կամ ահաբեկչական գործողության ապացույցներ առայժմ չի ստացել: Հանձնաժողովը կշարունակի իր աշխատանքը»,- նշվում է հայտարարության տեքստում:
Ավելի վաղ Եգիպտոսի իշխանությունները հայտնել էին, որ եթե հետաքննությունը ծանրակշիռ տվյալներ ունենա այն մասին, որ խոսքը վերաբերում է ահաբեկչական գործողությանը, ապա քրեական գործ կհարուցվի, հետաքննությունն իր վրա կվերցնի գլխավոր դատախազությունը, իսկ տեխնիկական հանձնաժողովը կդադարեցնի իր աշախատանքը:
«Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus A321 օդանավը, որը հոկտեմբերի 31-ին Շարմ Էշ Շեյխից թռչում էր Սանկտ Պետերբուրգ, կործանվել է Սինային երկնքում: Ինքնաթիռում եղել է 217 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ, որոնք բոլորն էլ զոհվել են: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ ավիաղետը տեղի է ունեցել ահաբեկչական գործողության հետևանքով: