ԱՄՆ դեսպանության հայտարարությունը սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ քննարկումների ալիք բարձրացրեց:

 

 

Հայկական մամուլի ուշադրությունը գրավեց հայտարարության հատկապես հետևյալ պարբերությունը, որում դեսպանատունը, ըստ էության, ընտրախախտումների երևույթը ներկայացնում է որպես կոռուպցիայի դրսևորում.

 

 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ' դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաև կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»:



Այս թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ.



- Պարոն Ղևոնդյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ դեսպանության հայտարարությունը և շահագրգռվածությունը:



Գլոբալ առումով ԱՄՆ-ն շահագրգիռ է, որ աշխարհի տարբեր ռեգիոններ լինեն դեմոկրատ: Դեմոկրատ երկրների հետ նրանց համար աշխատելը, գործակցելը դյուրին է: ԱՄՆ-ն շահագրգիռ է, որ Հարավային Կովկասը դեմոկրատ ռեգիոն լինի, ինչը, բնականաբար, վերաբերում է նաև ՀՀ-ին: ԱՄՆ-ն դեռ վաղուց իր վրա հանձնառություն է վերցրել քաղաքական բարեփոխումների և դեմոկրատական ինստիտուցիոնալ կայացման հարցում էական և ՀՀ-ի համար անհրաժեշտ օժանդակություն տրամադրել:

 

 

 Ինչպես ամերիկացիները, այնպես էլ մենք, լավ հասկանում ենք, որ պետությունները դեմոկրատ դառնում ենք ոչ մեկ տարում, անգամ ոչ տաս տարում: Մեր տարածաշրջանի պետություններն առավել ևս: Դա երկար կամք ու ջանք պահանջող գործընթաց է, ուր ձեռքբերումները պահելը ավելի բարդ է, քան ընթացիկ «սայթաքումներին» դիմանալը: Այսօր ԱՄՆ-ն շահագրգիրռ է, որ տարիների համագործակցությունը շարունակի իր տրամաբանական ուղին: Դա է պատճառներից մեկը, որ ԱՄՆ դեսպանությունը, այդ թվում‘ հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում, բավական ուշադիր է քաղաքական ու դեմոկրատական բարեփոխումների գործընթացի նկատմամբ և որոշակի պարբերականությամբ դիտարկումներ, առաջարկություններ է անում: Նրանք կարծում են, որ դեմոկրատ երկրների հետ իրենց համար առավել արդյունավետ համագործակցություն հնարավոր կլինի իրականացնել, քանզի, ըստ նրանց, դեմոկրատ երկրներն առավել արդյունավետ են կառավարման տեսանկյունից, առավել մեծ հաջողություններ են արձանագրում տնտեսության ոլորտում ու առավել կանխատեսելի են:

 

 

- Սա նշանակո՞ւմ է, որ Միացյալ Նահանգները կարող է անհատական պատժամիջոցներ սահմանել ընտրախախտումների մեջ ներգրավված անձանց և հատկապես պաշտոնյաների նկատմամբ:



ԱՄՆ-ն բացի պետական իշխանության մարմիններից, ակտիվ աշխատում է քաղաքացիական սեկտորի, ԶԼՄ-ների, ՀԿ-ների ու տարբեր այլ կառույցների հետ: Այդ օղակները տեղական գրեթե բոլոր ընտրություններում ներկայացված են դիտորդների կամ այլ կարգավիճակներով: Նրանք բավական ակտիվ են, տիրապետում են որոշակի տեղային ինֆորմացիայի: Դեմոկրատացվող մեր ռեգիոնի բոլոր երկրներում,(որոշ տեղերում ավելի շատ, որոշներում՝ ավելի քիչ), ավանդաբար ընտրական գործընթացներն անցել են օբյեկտիվ ու սուբյեկտիվ թերացումներով: Այս պարագայում հիմնական հարցադրումը իմ կարծիքով այն է, թե արձանագրված ու ապացուցելի խախտումների ու թերացումների ծավալը արդյոք հաշվելի է, թե ոչ, և ինչպես ապացուցել, թե ովքե՞ր են դրա մեղավորները: Տարիներ շարունակ աշխատելով քաղ.հասարակության ու ԶԼՄ-ների հետ՝ ԱՄՆ դեսպանատունը ունի նրանց նկատմամբ վստահության որոշակի մակարդակ, ուստի ընտրական գործընթացների ժամանակ նրանց տրամադրած տեղեկատվությունն իր համար համարում է բավարար օբյեկտիվ: Եթե մենք խոսում ենք ՀՀ-ում հանրաքվեի ժամանակ տեղ գտած հնարավոր խախտումների մասին, ապա կարծեմ այսօր դրանց մի մասի հետ կապված հաղորդումներ արդեն կան ՀՀ Ոստիկանությունում: Ուստի ենթադրում եմ, որ նախաքննություն է իրականացնում: Դիտորդների կողմից արձանագրված մյուս դեպքերի մասով պետք է փաստենք մեկ կարևոր հանգամանք. դրանց ապացուցելիությունը բավական թույլ է, ոչ միշտ է հնարավոր հարցը իրավական հարթություն մտցնել: Մարդիկ, ում մասով տեսանելի ու շոշոփելի ապացույցներ ձեռք կբերվեն, ես չեմ բացառում, որ ԱՄՆ-ի դեսպանատան կողմից նրանք կենթարկվեն ինչ-որ պատժամիջոցների՝ հավանաբար վիզաների տրամադրման մերժում, դրամաշնորային տարբեր ծրագրերին մասնակցելու հետ կապված սահմանափակումներ և այլն: ԱՄՆ-ն, մասնավորապես հետխորհրդային տարբեր երկներում, նման պրակտիկա վաղուց կիրառում է :

 

 

-Ի՞նչ հետաքրքրություն ունի ԱՄՆ-ն Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հետ կապված:



Նախ ինչպես արդեն նշեցի ԱՄՆ-ն ցանկանում է, որ ռեգիոնում իր գործընկներները լինեն դեմոկրատ, կայուն ու կանխատեսելի: Դա, ըստ նրա, առավել արդյունավետ կդարձնի ԱՄՆ-ի ռեգիոնալ քաղաքականությունը, ինչպես նաև առավել մեծ ձեռքբերումներ կտա ռեգիոնի երկրներին:

 

 

ԱՄՆ-ն, հիմք ընդունելով ՀՀ սուվերենության սկզբունքը, ՀՀ սահմանադրական փոփոխությունների բովանդակության վերաբերյալ քաղաքական գնահատական կամ նկատառում իրեն թույլ չի տվել: Սակայն, սահմանադրական հանրաքվեի անցկացման գործընթացի վերաբերյալ ունեցել է որոշակի շահագրգռություններ, առաջին հերթին կապված հանրաքվեի «ազատ ու դեմոկրատական անցկացնելու» սկզբունքի հետ: ԱՄՆ-ի համար այս պարագայում կարևորը ընթացակարգն է, որը հնարավորություն կտա ժողովրդի ընտրական իրավունքի բավարար իրացման համար: Իսկ Սահմանադրության նոր մոդելի մասով, կարծում եմ, նրանք առավել հակված կլինեն դրական գնահատականի, քանզի նոր տարբերակում կուսակցական ինստիտուտը ՀՀ-ում բավական կզարգանա:

 

 

Ն. Ա.