ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ զենքի առք ու վաճառքի պատժամիջոցները չեն հանվել և ցանկացած պետության նկատմամբ կկիրառվի պատժամիջոց, որը զենք կգնի կամ կվաճառի այդ երկրին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը զենք է գնում Իրանից։
«Իհարկե, ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ զենքի առք ու վաճառքի պատժամիջոցները հանվել են, բայց Իրանի դեմ շարունակում են գործել ԱՄՆ-ի պատժամիջոցները։ Այն երկիրը, որը զենք կգնի կամ կվաճառի Իրանին հայտնվելու է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ»,- ասաց Սարգսյանը։
Ամերիկագետը դժվարանում է ասել, թե որքանով է Ալիևի հայտարարությունը սուտ կամ ճիշտ, սակայն կարծում է, որ այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը մի քանի երկրների հետ խնդիրներ կունենա։
«Ակնհայտ է, որ նա փորձում է լարում մտցնել հայ-իրանական հարաբերություններում, որը, վստահ եմ, իրեն չի հաջողվի։ Կարծում եմ, որ մոտ ժամանակներս պետք է սպասել Իրանի, ինչու չէ նաև Իսրայելի արձագանքներին այս հարցի կապակցությամբ։ Կարծում եմ նաև, որ ԱՄՆ-ում այս հայտարարությունը լուրջ լարվածություն կառաջացնի, եթե ոչ նախագահականի, ապա Կոնգրեսի մակարդակով»,- ասաց Սարգսյանը։