ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է սիրիական հակամարտության կարգավորմանն առնչվող բանաձևը։ Բանաձևն աջակցում է Վիեննայի հանդիպումների ժամանակ ձեռք բերված կարգավորման սկզբունքները:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, փաստաթուղթը ՄԱԿ-ին կոչ է անում հնարավորինս արագ՝ մոտավորապես 2016-ի հունվարի սկզբին, սիրիական կողմերին հավաքել բանակցային սեղանի շուրջ, որոնք կանցկացվեն Ժնևյան կոմյունիկեի, ինչպես նաև Սիրիայի աջակցության միջազգային խմբի որոշումների հիման վրա։
Տեքստում աջակցություն է արտահայտվում Սիրիայում զինադադարին, որն ուժի մեջ կմտնի, երբ հակամարտող կողմերն առաջին քայլերը սկսեն՝ ուղղված քաղաքական փոխակերպումների իրականացմանը։
Բանաձևն աջակցություն է հայտնում քաղաքական գործընթացին, որի նպատակը պետք է լինի 6 ամսվա ընթացքում անցումային կառավարության ստեղծումը, ինչպես նաև 18 ամսից ոչ ուշ ժամկետում ազատ և արդար ընտրությունների անցկացումը՝ համապատասխան նոր Սահմանադրության։
Փաստաթղթում չի հիշատակվում նախագահ Բաշար Ասադի մասին, որի ապագայի մասին հարցը մնում է փորձաքար, փոխարենը ընդգծվում է, որ «սիրիացի ժողովուրդը կորոշի իր երկրի ապագան»։