Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ակնկալում է, որ գալիք տարի բանակցությունները կշարունակվեն:

 

«Հանդիպման ժամանակ հիմնական շեշտը դրվել է կայունության և խաղաղության ապահովման, ինչպես նաև ուժի կիրառման անթույլատրելիության վրա: Իհարկե, հանդիպումների ժամանակ Իլհամ Ալիևը վարվում է այլ կերպ, վերադառնալով Ադրբեջան' անում հակառակը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բաբայանը' մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի' նախագահների հանդիպման արդյունքների վերաբերյալ մեկնաբանությունը, ըստ որի' Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը եզրափակվել է 2016 թվականին ուղղված բաժակաճառով՝ աշխատելու բանակցային կարգավորման շուրջ:

 

Բաբայանի խոսքով' ակնհայտ է' գերտերությունները համանախագահների միջոցով հանդիպմանը շեշտել են, որ չեն տեսնում ԼՂ հակամարտության կարգավորման ռազմական լուծում: «Գալիք տարի նախագահների հանդիպումները կշարունակվեն, որոնց ընթացքում հիմնական շեշտը կդրվի համեմատաբար կայունությունն ապահովելու և պատերազմ չսկսելու վրա»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

 

Բեռնում դեկտեմբերի 19-ին նախ կայացել է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը, որին հաջորդել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ ընդլայնված կազմով հանդիպումը: