Արտագաղթն այն քիչ թեմաներից մեկն է, հավանաբար, որի մասին ամենաշատն է գրվել ու խոսվել: Երբ փորձում ես ի մի բերել այս աղետալի երևույթի վերաբերյալ դաշտում առկա պաշտոնական ու ոչ պաշտոնականվիճակագրությունը և ամենատարբեր հետազոտությունների արդյունքները, հասկանում ես, որ տարեցտարի Հայաստանը հետևողականորեն դատարկվում է, ու այս ամենի վերջն այդպես էլ չի երևում: Ամենատարբեր պատճառներով այսօր մարդիկ լքում են երկիրը՝ ով ինչպես կարող է, ու թվում է՝ պետությունը դատարկելու քաղաքականությունը մեր իշխանությունների ռազմավարական ծրագիրն է, այլապես սթափ միտքը չի կարող բացատրություն գտնել երևույթի նկատմամբ ցուցաբերվողանտարբերությանը:
Ըստ փորձագիտական գնահատականների՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանից արտագաղթի 3 ալիք է նկատվել: Առաջին երկուսը նկատվել են 1991-1994 թթ. և 1999-2001 թթ., իսկ երրորդը սկսվել է 2009-ի վերջին և շարունակվում է մինչ այժմ: Բոլորիս է հայտնի ազգակործան այս երևույթի հիմնական դրդապատճառների մասին՝ տնտեսական անկում, իշխանության նկատմամբ վստահության նվազում, անհավասարության աճ, պետական ավանդույթների բացակայություն և այլն:
Հետաքրքրականն այս ամենում այն է, սակայն, որ Հայաստանի տնտեսությունից գրեթե ոչնչով չտարբերվող տնտեսություն ունեցող բազմաթիվ երկրներից, որքան էլ տարօրինակ հնչի, արտագաղթի նման հոսք չի նկատվում: Դիտարկել երկրում վխտացող կոռուպցիան որպես արտագաղթի հիմնական պատճառներից մեկը ևս չի կարելի, քանի որ, օրինակ, հարևան Ադրբեջանում և նախկին մի քանի այլ երկրներում չնայած նույն կոռուպցիայի մակարդակն ավելի բարձր է, սակայն այս երկրներից նկատվող արտագաղթի մակարդակը շատ ավելի նվազ է, քան մեզ մոտ: Իսկ որ այս՝ արդեն վաղուց ազգային աղետի վերածված երևույթը գնալով է՛լ ավելի է խորանում, փաստում է նույնիսկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ այս գերատեսչության կողմից անցկացված վերջին հետազոտության արդյունքների՝ 2015-ի առաջին 10 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում 2 տոկոսով նվազել է հացի արտադրության, կամ որ նույնն է' սպառման ծավալը: Հիմա ոմանք կարող են մտածել՝ ի՞նչ կապ ունի հանապազօրյան մեր թեմայի հետ: Խնդիրն այն է, որ հացի ու նաև աղի սպառման ծավալների փոփոխությունը բնակչության իրական թվի հաշվարկի այլընտրանքային մեթոդ է համարվում. այսքանից հետո խոսել Հայաստանի ավելի քան 3 մլն բնակչության մասին, կարծում ենք, երեսպաշտություն կլիներ: Եթե օբյեկտիվորեն խոսելու լինենք, ապա մեր երկրում, այսօրվա դրությամբ, բնակչության իրական թվաքանակը չի կարող գերազանցել 2,4 մլն-ը, ինչը, սակայն, հետևողականորեն թաքցվում է իշխանությունների կողմից: Իհարկե, մեղադրել նրանց բացառապես սուտ խոսել սիրելու մեջ, սխալ կլիներ, քանի որ հասկանում ենք՝ պատերազմող երկիր ենք ու թշնամիներին ավելորդ անգամ հոխորտալու առիթ չենք ցանկանում տալ, բայց հասկանալի է նաև, որ այս ամենի վրա «աչք փակելն» ու լայն ժպիտով ձևացնելը, թե մեզ մոտ ամեն ինչ լավ է, նույնպես այլևս անհնար է, և հարկավոր է ելքեր փնտրել: Երկրին պատուհասած աղետի իրական ծավալների մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու համար բավական է նույնիսկ դուրս գալ մայրաքաղաք Երևանի սահմաններից. իսկույն հանդիպում ես մեռած կյանքի նշույլների: Այսօր Հայաստանի' քիչ թե շատ խիտ բնակեցված միակ բնակավայրը Երևանն է մնացել, իսկ շրջաններն ու գյուղերը վերածվել ենբնակավայր-ուրվականների:
Երկրում ստեղծված վատթար իրավիճակի հիմնական պատճառներից մեկը (եթե ոչ ամենահիմնականը), անխոս, իշխանությունների նկատմամբ ժողովրդի շրջանում բացակայող հավատն է, հավատը, որ վաղն ամեն ինչ լավ է լինելու: Նման անկումային տրամադրությունների խորացմանը նպաստում է նաև ամեն մի կեղծված ընտրություն, հանրաքվե և այլն. մարդիկ դադարել են հավատալ արդարությանը, հոգնել են իշխանությունների սին ու դատարկ խոստումներից, և թվում է' այս ամենը չունի վերջ: Մարդկանց մեջ կորում է ցանկությունը՝ մնալու այստեղ ու պայքարելու, քանի որ դրա մեջ այլևս իմաստ չեն տեսնում:
Ամեն դեպքում, կարծես այսօր ինչ-որ համատարած գիտակցում կա, որ այսպես այլևս անհնար է առաջ ընթանալ։ Ստեղծված իրավիճակը չի կարող ձեռնտու լինել նույնիսկ ամենաեսասեր չինովնիկներին ու մեծահարուստներին, քանի որ նույնիսկ այդպիսիք հասկանում են, որ ազգաբնակչության աղքատացումն ու արտագաղթը բացասաբար են ազդում իրենց եկամուտների վրա։ Բացի այդ' եթե ժամանակին իշխանության համար չափավոր արտագաղթն ընդունելի էր (քանի որ բողոքող զանգվածը Հայաստանում պակասում էր՝ նվազեցնելով իշխանափոխության վտանգը), ապա այսօր բոլորովին այլ իրավիճակ է։ Ակնհայտ է, որ չնայած արտագաղթին՝ բողոքը ոչ թե նվազում է, այլ մեծանում, որովհետև պետական մեքենային ու նրանց շրջապատին պահելու բեռն ընկել է ավելի քիչ թվով քաղաքացիների ուսերին, հետևաբար և դարձել է՛լ ավելի ծանր ու անտանելի: Թե որքան կպահպանվի այս վիճակը, դժվար է ասել, բայց որ այն իրոք կրիտակական է, այլևս անհերքելի իրողություն է:
Դավիթ Բաբանով