Շաբաթ առավոտ՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալությունը, որը տեղի ունեցավ Նորք Մարաշում վնասազերծված խմբի գործի շրջանակում, դարձյալ ակտիվացրեց թեմայի շուրջ զրույցներն ու քննարկումները սոցցանցերում:

 

Նախ՝ Շիրխանյանի գործոնի մասին:

 

Քանի դեռ ապացուցված չէ մարդու մեղքը, որևէ մեկը չի կարող նրան հանցագործ համարել, սակայն հետևություններ, կարծիքներ կարող ենք արտահայտել յուրքանչյուրս՝ մեր տեղեկատվության, վերլուծական ունակությունների շրջանակում:

 

Օրինակ, ինձ Շիրխանյանի ձերբակալությունը, նրա հնարավոր մասնակցությունն այս խմբին չի զարմացրել, որովհետև իմ ճանաչած Շիրխանյանը հենց այսպիսին է՝ ստվերից գործող, դավադրությունների ու ինտրիգների սիրահար: Եթե անցած տարիների ընդդիմության առաջնորդներն ունենան անկեղծություն, ապա կասեն, թե ինչուն են Վահան Գրիգորիչին հեռու պահել իրենց մերձավոր շրջապատից:

 

Նախագահի ընդդիմադիր թեկնածուներից մեկն, օրինակ, ինձ պատմում էր, որ պաշտպանության նախկին փոխնախարարն իր մոտ գնացել է առաջարկությունների այնպիսի փաթեթով, որի հեղինակը կամ պետք է մարգինալ լինի, կամ էլ՝ իշխանությունների, գուցե նաև՝ օտար պետությունների հատուկ ծառայությունների կողմից «գործուղված» մարդ:

 

Ֆեյսբուքի իմ էջում գրել եմ ու հիմա կրկնում եմ՝ եթե Շիրխանյանն իսկապես կապ ունի վնասազերծված ահաբեկչական խմբավորման հետ, ապա նրա մասնակցությունը չի կարող սահմանափակվել շարքային դերակատարությամբ: Շիրխանյանը խելոք մարդ է, նշանային ֆիգուր ու նրա մասնակցությունն որևէ նախագծի՝ ենթադրում է որոշակի «տանիքների» առկայություն:

 

Ասել կուզի, որ եթե պաշտպանության նախկին փոխնախարարի ձերբակալությունը ոչ թե քաղաքական հաշվեհարդար է, այլ համապատասխան ապացույցների առկայություն, ապա իրավապահները համապատասխան հետքերի վրա են:

 

Այլ խնդիր է, թե Հայաստանի իշխանությունների համարձակությունն ինչքան կհերիքի՝ հանցախմբի հետ կապված ողջ ճշմարտությունը բացահայտելու և հանրությանը ներկայացնելու համար:

 

Սակայն գամ գլխավոր հարցին:

 

Մեր հասարակության մեծամասնությունը չի վստահում իշխանություններին ու դրա համար ունի բոլոր բարոյական ու քաղաքական հիմքերը: Այս իշխանություններն՝ իրենց բնույթով, քրեաօլիգարխիկ են, սպասարկում են ոչ թե պետության և հասարակության, այլ, մեծ հաշվով, մի քանի տասնյակ ընտանիքների շահեր: Կեղեքվող ու աղքատ հասարակությունը չի կարող վստահել իշխանություններին ու սա, թերևս, քաղաքագիտական աքսիոմ է:

 

Սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է արդարացնենք ահաբեկչությունը կամ դրա միջոցով՝ քաղաքական հարցեր լուծելու պրակտիկան ու ցանկությունը:

 

Որտեղ կա զենք ու բռնություն, ահաբեկչություն ու անհանդուրժողականություն՝ այդ կետում վերջանում է քաղաքականությունը: Ես նույնպես չեմ վստահում իշխանություններին, բայց չեմ կարող դատապարտել նրանց, երբ վնասազերծվում է հսկայական զենք ունեցող մարդկանց խումբ, որի համար՝ քաղաքական կարգախոսներն ու հայրենասիրությունը քողածածկույթ են՝ ենթադրյալ ահաբեկչությունն ու բռնությունն արդարացնելու համար:

 

Այլ խնդիր է, որ մենք իշխանություններից պետք է պահանջենք՝ այս գործը ու դրա քննությունը վարել օրենքի շրջանակներում ու այն երբեք չօգտագործել քաղաքական նպատակներով՝ քաղաքական հակառակորդների դեմ:

 

 

Սուրեն Սուրենյանց