Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն այն հաոզման է, որ պետք չէ 2018 թվականի համար վարչապետի թեկնածուի փնտրտուքով զբաղվել. «Պետք չէ մտածել, թե հինգ տարի հետո ով  պետք է լինի մեր վարչապետը: Կգա 2018 թվականը, կտեսնենք, ես լրագրողների նման 15 տարի հետոն չեմ կարող գուշակել, անգամ եղանակի կանխատեսումը չենք կարողանում վաղվա համար անել, ես ո՞նց գուշակեմ, թե հետո ինչ կլինի»: 

Խոսելով Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության և իրականացրած աշխատանքների մասին՝ պատգամավորը նշեց, որ իրենց պետք է հաշվետվություն տան, թե ով ինչ է արել՝ պնդելով, որ ինքը չի պատրաստվում կառավարության արածի և չարածի մասին հաշվետվություն տալ: 

Դիտարկմանը, որ Կարեն Կարապետյանը եկավ-փրկեց ՀՀԿ-ի՝ անկում գրանցած վարկանիշը, հիմա փաստորեն նրան ցանկանում են հեռացնել. ՀՅԴ-ական պատգամավորը պատասխանեց. «Մեր համար շատ կարևոր է՝ ով է լինելու վարչապետը և ՀՀԿ-ի հետ եկել ենք այն համոզման, որ այս կառավարության վարչապետը Կարեն Կարապետյանն է»,-նշեց նա՝ ամեն կերպ խուսափելով պատասպխանել հարցին՝ ով է ՀՅԴ վարչապետի թեկնածուն 2018 թվականի համար: 

Արմեն Ռուստամյանը խուսափեց հստակ պատասխան տալ նաև ճշտող հարցին, թե Կառավարության գործունեության ընթացքում տրված խոստումների քանի տոկոսն է իրականացրել վարչապետ Կարեն Կարապետյանը: Համագործակցության հուշագրի ընթացքում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ կատարել է վարչապետը, դրա համար էլ վստահություն է շահել, բայց նորից եմ կրկնում՝ հետոյի մասով որևէ բան ասել չեմ կարող: 

Կոալիցիոն գործընկերը հրաժարվեց նաև անուններ հնչեցնել, թե ում է տեսնում ՀՅԴ-ն՝ որպես 2018 թ.-ի վարչապետ: