Ադրբեջանն իրավիճակը հասցրել է նրան, որ այսօրվա դրությամբ առաջին գծում ունեցած իր բոլոր զինատեսակները սպառված են: Զինամթերքի տեսակ չկա, որ չի կիրառվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ թշնամու կողմից տանկային արկակոծումն այնքան ազդու չէ, որքան հրետանին. «Խնդիրն այն է, որ տանկն առաջնագծում չի գտնվում, և այն հատուկ է բերվում դիրք: Ադրբեջանի կողմից էլ ավելի վատ էսկալացիա է տեղի ունեցել, երբ կիրառվել է «D30»»:
Արծրուն Հովհաննիսյանը պատասխանելով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե հայկական կողմն ինչու նույն տեխնիկայով պատասխան չի տալիս, ասաց. «Պարտադիր չէ, որ հայկական կողմը նույն ռազմամթերքով պատասխանի. կարելի է տասը արկին մեկ արկով պատասխանել, ու արդյունքն ավելի լավը ու դիպուկ լինի»:
ՀՀ ՊՆ խոսնակը նկատում է՝ թեպետ թշնամին ամեն անգամ փորձում է ավելի լուրջ բաներ անել, ռազմամթերքի օգտագործման տրամաչափը մեծացնել, սակայն ամեն անգամ նրան դա չի հաջողվում: