Քարվաճառում տեղի ունեցած դիվերսիայի եւ 17-ամյա հովիվ Մեխակ Ցականյանի դաժան մահվան համար հակառակորդը շատ ցավոտ պատասխան է ստանալու: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հայկական զինված ուժերի պատասխանը չի ուշանա եւ կլինի արժանի: «Թշնամու դիվերսիոն խմբի կատարած հանցավոր ահաբեկչական գործողությունները կստանան իրենց պատասխանը եւ հայկական զինված ո ւժերը համապատասխան քայլերով հակառակորդին արժանին կմատուցեն»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

 

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի փոխանցմամբ, Քարվաճառում դիվերսիոն խմբի գործողությունների հետեւանքով վիրավորված ԼՂՀ քաղաքացի Կարինե Դավթյանի առողջական վիճակն էլ բարելավվում է: Հովհաննիսյանն ասաց, որ քիչ առաջ է զրուցել նրան բուժող բժշկի հետ եւ վերջինս հավաստիացրել է, որ Դավթյանն ապաքինվում է:

 

Հուլիսի 15-ին ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, ԼՂՀ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել էր, որ հայտնաբերվել է օրերս անհետացած 17-ամյա քարվաճառցի հովվի դին: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ եւ գործի շրջանակներում ընթանում է նախաքննություն:

 

Հուլիսի 7-ին՝ ժամը 21:00-ին, Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1962թ. ծնված Մեխակ Ցականյանը ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ որդին՝ Սմբատ Մեխակի Ցականյանը (ծնված 28.04.1997թ., բն. է նույն գյուղում), հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, դուրս է եկել «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տնից և չի վերադարձել: Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ:

 

Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները: ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա'1972թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված ԿարինÕ ¥ Դավթյանը: