ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կմոտեցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը դեկտեմբերի 19-ին բանակցություններ են վարել Բեռնում:

 

«Գլխավոր քարտուղարը կարծում է, որ գագաթնաժողովը երկու կողմին հնարավորություն ընձեռեց քննարկելու հրադադարի ռեժիմի խախտումների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի նվազեցմանն ուղղված գործնական քայլերը, որպեսզի մոտեցնեն խաղաղ գործընթացը»,- ասված է համաշխարհային կազմակերպության ղեկավարի հայտարարության մեջ:

 

Պան Գի Մունը նաև նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, որոնք կազմակերպել էին Շվեյցարիայի գագաթնաժողովը: Նա հորդորել է Բաքվին և Երևանին՝ Մինսկի խմբի հետ սերտորեն համագործակցել լարվածության հետագա թուլացման շուրջ, ինչպես նաև ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել նոր բռնությունների: