ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ կայանալիք հանդիպմանը կքննարկի համաշխարհային հրատապ խնդիրները, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամը: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

«Այո, իրոք պլանավորվում Է նախագահի առանձին հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ»,-հավաստել Է նա: «Ենթադրվում Է, որ կարծիքներ կփոխանակվեն համաշխարհային բոլոր հրատապ հարցերի, եւ այդ թվում՝ Ուկրաինայի իրադրության շուրջ»,-ասել Է Պեսկովը:

 

Մայիսի 19-ին Պուտինը երկօրյա պաշտոնական այցով ուղեւորվում Է Չինաստան: Բացի ՉԺՀ-ի ղեկավարների հետ բանակցություններից, նա նաեւ մասնակցելու Է Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցառումների շուրջ խորհրդակցության (ԱՓՎՄԽ) մասնակիցների հերթական հանդիպման աշխատանքին: Այդ գագաթնաժողովի շրջանակներում պլանավորված են ռուսական պետության ղեկավարի մի շարք երկկողմ հանդիպումները, մասնավորապես, Աֆղանստանի, Մոնղոլիայի եւ Իրանի ղեկավարների հետ: Պան Գի Մունի հետ Պուտինի հանդիպումը նշանակված Է մայիսի 20-ին:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մասնակցելու Է ԱՓՎՄԽ-ի՝ Շանհայում կայանալիք գագաթնաժողովին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: