ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կանցկացնի բաց նիստ, որի ընթացքում կքննարկի Ուկրաինայի արեւելքում սրված իրադրությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Հանդիպումը կդառնա 27-րդը երկրում ճգնաժամի սկսվելուց ի վեր եւ տեղի կունենա Բեռլինում «նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա եւ Ֆրանսիա) արտաքին գործերի նախարարների նիստի ավարտից հետո:

 

ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստը, որը նշանակված է տեղական ժամանակով ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 24:00-ին), հրավիրվել է Լիտվայի պատվիրակության պահանջով, որը ԱԽ-ի ոչ մշտական անդամ է: Սկզբնապես ենթադրվում էր, որ քննարկումը կանցկացվի դռնփակ, բայց ԱՄՆ-ի պատվիրակության պնդմամբ որոշվել է անցկացնել բաց հանդիպում, որին կկարողանան մասնակցել ուկրաինացի դիվանագետները:

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ նիստի արդյունքում որեւիցե որոշման կամ փաստաթղթի ընդունում չի սպասվում:

 

Վերջին անգամ ՄԱԿ-ի ԱԽ-ն Ուկրաինային նվիրված նիստ է անցկացրել ավելի քան երկու ամիս առաջ՝ նոյեմբերի 12-ին: Քննարկվել է մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչության հերթական զեկույցը:

 

ԵԱՀԿ-ն նախօրյակին Վիեննայում կայացած նիստում կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Ուկրաինայի արեւելքում:

 

ԵԱՀԿ-ի բոլոր անդամների, ներառյալ Ուկրաինան եւ Ռուսաստանը, ներկայացուցիչների կողմից ընդունված հռչակագրում «լուրջ մտահոգություն» է հայտնված Ուկրաինայի արեւելքում վերջին օրերին մարտական գործողությունների սաստկանալու կապակցությամբ:

 

Կազմակերպության գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ «հռչակագիրը հաստատում է ԵԱՀԿ-ի մասնակից 57 պետությունների հաստատ համոզմունքը, որ Ուկրաինայում բռնության եւ թշնամանքի նոր պոռթկումներին կարելի վերջ դնել ոչ թե մարտի դաշտում, այլ միայն բանակցությունների սեղանի շուրջ»:

 

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ֆրանսիայի իր պաշտոնակից Ֆրանսուա Օլանդի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի արեւելքի իրադրությունը: Ինչպես հաղորդել է Սպիտակ տունը, զրուցակիցները հայտարարել են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները պահպանելու անհրաժեշտության մասին, եթե չկատարվեն Մինսկի համաձայնությունները:

 

Բացի այդ, նախագահները կարեւորել են Ուկրաինայի կառավարությանը լրացուցիչ ֆինանսական աջակցության ապահովումը: