Ադրբեջանումական ազգային արժույթի լողացող փոխարժեքի անցնելուց հետո մանաթը շարունակում է էժանանալ դոլարի և եվրոյի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

 

Դեկտեմբերի 25-ին նախորդ օրվա համեմատ մանաթն էժանացել է դոլարի նկատմամբ 0,0773 տոկոսով: Ադրբեջանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ 1 ԱՄՆ դոլարն արժե 1,5528 մանաթ, իսկ 1 եվրոն արժե 1,7043 մանաթ:

 

Ադրբեջանի Կենտրոնական բանկը հայտարարել է դեկտեմբերի 21-ից ազգային արժույթի՝ մանաթի լողացող փոխարժեքի անցնելու մասին: Կենտրոնական բանկը նման որոշումը պայմանավորել է արտաքին առևտրաշրջանառության մեջ դրական սալդոյի, ինչպես նաև այլ աղբյուրներից փոխարժեքային փոխանցումների կտրուկ նվազեցմամբ: ԿԲ հայտարարության մեջ նշվում է, որ արտաքին բացասական ազդակներով պայմանավորված, այդ թվում և նավթի գնի անկումը, անհրաժեշտություն են առաջացրել մանաթի փոխարժեքը հարմարեցնել նավթի նոր գներին: «Հաշվի առնելով տնտեսական արտաքին ցնցումների երկարաժամկետ բնույթը և ձգտելով պահպանել երկրի արժութային պաշարներն ու ազգային տնտեսության միջազգային մրցունակությունը՝ դեկտեմբերի 21-ից անցում է կատարվում ազգային արժույթ մանաթի լողացող փոխարժեքի»,- հայտնել է Կենտրոնական բանկը:

 

Ադրբեջանական մանաթի դեվալվացիայի հետևանքով երկրում սկսել են թանկանալ սպառողական ապրանքները, մասնավորապես հացը, մսամթերքը, դեղորայքը և այլն: