Կովկասում դեկտեմբերի 30-ից եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ են կանխատեսվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանութան կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ Միջերկրական ծովի շրջաններում ներկայումս ձևավորվում է բավական հզոր ցիկլոն, որի առաջացման պատճառը Միջերկրական ծով ներթափանցող արկտիկական ցուրտ հոսանքներն են: Դրանք արդեն գտնվում են Ռուսաստանի եվրոպական հատվածում: Այդտեղ նկատվում է ջերմաստիճանի անկում:

 

«Ցիկլոնը Կովկաս կտեղաշարժվի դեկտեմբերի 30-ին' օրվա երկրորդ կեսին: Ցերեկը կգտնվի ամպամածության գոտում, առանձին հատվածներում կսկսի ձյուն: Ցիկլոնը հզորանում է դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին: Ձյունը կշարունակվի հունվարի 2-ին ևս, այնուհետև տեղումներն աստիճանաբար կդադարեն: Ցիկլոնի պիկ ժամանակահատվածը ստացվում է Նոր տարվա գիշերը»,-ասաց Գագիկ Սուրենյանը: Շրջանների մեծ մասում ձյունը կուղեկցվի քամիներով, ճանապարհները կպատվեն մերկասառույցով:

 

«Կոչով դիմում եմ այն վարորդներին, ովքեր ուղևորվելու են շրջաններ: Ցանկալի կլինի, որ այդ այցելությունները կատարեն մինչև դեկտեմբերի 30-ի օրվա երկրորդ կեսը: Որովհետև ճանապարհները լինելու են անանցանելի»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

 

Հանրապետության տարածքին մոտենում են արկտիկական ցուրտ օդային հոսանքներ: Դեկտեմբերի 30-ից սկսած օդի ջերմաստիճանը աստիճանաբար սկսելու է նվազել: Մինչև հունվարի 1-ը նվազելու են ցերեկային ջերմաստիճանները: «Գիշերային ջերմաստիճաններն առանձնապես չեն փոխվի: Եթե այսօր մայրաքաղաքում սպասում ենք մինչև 6-ից 7 աստիճան տաքություն, ապա դեկտեմբերի 31-ի ցերեկը օդի ջեմաստիճանը կլինի -1+1-ի սահմաններում: Հունվարի 2-ից օդի ջերմաստիճանը սկսելու է նվազել 16-17 աստիճանով: Ամենացածր ջերմաստիճանը սպասվում է հունվարի 3-ի գիշերը, երբ կդիտվի եղանակի պարզեցում»,- ավելացրեց Գագիկ Սուրենյանը: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի մարզում և Վայոց ձոր լեռնային գոտիներում գիշերը կանխատեսվում է -25 -27 աստիճան ցուրտ: Արարատյան դաշտում սպասվում է -15 -20 աստիճան ցուրտ: Երևանում հունվարի 3-ը գիշերը կլինի -16-18 աստիճան ցուրտ, ցերեկը' -5-7 աստիճան ցուրտ: «Ցրտահարության վտանգ չկա, առատ տեղումները դրական ազդեցություն կունենան գյուղատնտեսության վրա: Տեղումներից հետո նման ցածր ջերմաստիճանը դեռևս մտահոգիչ չէ»,- ասաց նա:

 

Գագիկ Սուրենյանի խոսքով' նման եղանակային պայմանները մեր երկրի համար աննախադեպ չեն: Նախկինում ևս եղել է երբ տաք եղանակին հաջորդել են ցուրտ, տեղումնառատ եղանակային պայմաններ: Սպասվում է, որ ամբողջ հունվարին այս ջերմաստիճանը չի պահպանվի, օդի ջերմաստիճանը կբարձրանա, սակայն թե երբ և որքանով, առայժմ օդերևութաբանները ձեռնպահ են մնում կանխատեսելուց:

 

Ամփոփելով 2015 թվականը' Գագիկ Սուրենյանը նշեց, որ մի քանի ռեկորդներ գրանցվեցին, որոնք աննախադեպ էին օդերևութաբանության պատմության մեջ: 2015 թվականի հունվար-փերտրվար ամիսների առանձին օրերին Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը բարձրացավ մինչև +15+16 աստիճան: Այնուհետև եղավ աննախադեպ շոգ օրերով ամառ: 15-ից 20 օր օդի ջերմաստիճանը հովտային գոտիներում, Արարատյան դաշտում, մայրաքաղաքում +39 +41 աստիճանի սահմաններում էր: Գրանցվել է նաև խոնավ տեղումնառատ հոկտեմբեր: Ինչ վերաբերում է դեկտեմբերին, ապա տևական ժամանակ արձանագրվեց առանց տեղումների եղանակ, որը պայմանավորված է անտիցիկլոնի ակտիվացմամբ: