ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ Վահրամ Բաղդասարյանը, 2015 թվականը Հայաստանի համար համարել է բուռն տարի և ավելացրել, որ ինչ նպատակներ իրենց կողմից դրվել էին՝ իրականացան: Այսինքն՝ ՀՀԿ-ն գոհ է նախորդ տարվա իրենց արած քայլերից, բայց ի՞նչ են արել՝ այ դա է հարցը...
Նախ կազմակերպել են Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք, անկախ ամեն ինչից, պետք է ինչ-որ ձևով կազմակերպվեին, որովհետև 100-ամյակն էր, և չեմ կարծում, թե դա կարելի է համարել իշխող կուսակցության շնորհ: Հաջորդ խոշոր իրադարձությունը նոր Սահմանադրության ընդունումն էր, որը ՀՀԿ-ն կարող էր համարել ձեռքբերում և նպատակի իրականացում, եթե այն չընդունվեր այնպիսի խախտումներով և կեղծիքներով, որոնք հերքելն անհնար է: Եվ տեղին չեմ համարում դա նպատակի իրագործում համարելը: Նպատակի իրագործումը կլիներ այն, եթե որակյալ և պատշաճ ձևով կազմակերպվեր «Այո»-ի քարոզարշավը, եթե համապատասխան աշխատանքներ տանելով՝ իշխանությունները հասնեին նրան, որ ժողովրդի մեծ մասն իսկապես գիտակցեր նոր Սահմանադրության դրական կողմերը, գնար ու իր կամքով քվեարկեր հօգուտ նոր Սահմանադրության, և չլիներ քվեարկության արդյունքները կեղծելու պահանջը: Բայց այդպես չեղավ, այլ եղավ նույնատիպ գործընթաց, ինչպիսին եղել էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Ուրիշ ի՞նչ նպատակ իրականացրեց իշխող թիմը, աշխատավարձեր ու թոշակնե՞ր բարձրացրեց, զգալի գնանկո՞ւմ ապահովեց, ներգա՞ղթ կազմակերպեց, աղքատության տոկո՞սը կրճատեց, ժողովրդի սոցիալական վիճա՞կը բարելավեց. իհարկե՝ ոչ: Բա էլ ի՞նչ նպատակների իրականացման մասին է խոսքը...
Չնայած ՀՀԿ խմբակցության ղեկավարը ձեռքբերում է համարել եղած իրավիճակի պահպանումը: Այսինքն՝ մենք պետք է դեռ շնորհակալություն հայտնենք իշխանություններին, որ մեր կյանքը եղածից էլ ավելի չի վատացել, թե չէ կարող էին և վատացնել:
Կարեն Վարդանյան