2015 թվականին Լեռնային Ղարաբաղ հակամարտության խնդրում ոչ մի առաջխաղացում չի եղել: Երկու երկրի նախագահների հանդիպումը ձևական բնույթ է կրել: Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, խոստովանել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ Նախարարների կաբինետի նիստում:
Ալիևը նշել է, թե իբր «Հայաստանը խաղաղություն չի ուզում», «փորձում է հնարավորինս երկար պահպանել ստատուս-քվոն» և «չի պատրաստվում հեռանալ «օկուպացված» տարածքներից»:
Ադրբեջանի ղեկավարն ասել է նաև, թե իբր իրենք ցանկանում են խնդրի լուծումը: «Մինսկի խմբի համանախագահները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ ուզում են հասնել խնդրի լուծմանը: Իհարկե, դա միջնորդների պարտավորությունն է»:
Ալիևը նաև մեղադրել է համանախագահներին, թե վերջիններս որևէ «լուրջ ճնշում» չեն գործադրում Հայաստանի վրա: