Չեմ ցանկանա բոլորիդ մոտ «բայղուշի» տպավորություն թողնել, բայց ցավով պետք է հաղորդենք, որ 2016-ին ևս մեր երկրի տնտեսությանը մեծ փորձություններ են սպասվում, որի տակից դուրս գալու համար, ամենայն հավանականությամբ, կառավարությունից պահանջվելու են առանձնակի ջանքեր, իսկ թե որքանով մերոնք պատրաստ կլինեն համապատասխան կամք ցուցաբերել, մնում է միայն կռահել:

 

 

Իսկ մեր կողմից նման ահազանգ հնչեցնելու առիթ տալիս են, մասնավորապես, այն գործընթացները, որոնք ընթանում են Ռուսաստանում՝ սկսած այս երկրի նկատմամբ Արևմուտքի կողմից պատժամիջոցներ սահմանելու շրջանից. ըստ տնտեսական հեղինակավոր վերլուծաբանների՝ ամենևին էլ չի բացառվում, որ նավթի գինն իջնի մինչև 20-25 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց:

 

 

Ակնհայտ է, որ նման կանխատեսումների իրականացման պարագայում, ռուսական տնտեսությունն էական անկում է ապրելու, որն էլ, իր հերթին, խիստ բացասաբար է անդրադառնալու այստեղ աշխատանքային գործունեություն ծավալող մեր հայրենակիցների վրա:

 

 

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2015 թվականի ընթացքում Հայաստան կատարած դրամական փոխանցումները չեն գերազանցել 500 միլիոնի շեմը: Եթե այս տենդենցը շարունակվի ապագայում ևս, ապա մենք կարող ենք ունենալ առնվազն 5 անգամ առավել նվազ չափի ակնկալիքներ: Այս ամենը կարող է հանգեցնել անգամ նրան, որ մեր հայրենակիցները, որոնք ավանդաբար աշխատանքային գործունեություն էին ծավալում ՌԴ-ում, այլևս նպատակահարմար չգտնեն՝ մեկնելու Ռուսաստան, քանի որ ակնհայտ է՝ այս երկիր մեկնելու ամբողջ իմաստն է կորում. ի՞նչ միտք ունի ընտանիքից հեռանալը, երբ դրա արդյունքում չես կարող լուծել այն ֆինանսական խնդիրները, որոնք ծառացել են քո առջև:



Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, բայց պետք է ամրագրենք, որ Հայաստանի տնտեսության համար լավագույն օրերն այլևս անցյալում են, ու ժամանակն է եկել՝ «գոտիները ձգելու»: Առաջին բանը, որ պետք է կառավարությունը ցուցաբերի, տարրական կամքն է՝ երկրում մղելու իրական պայքար՝ կոռուպցիայի դեմ: Եթե հակակոռուպցիոն քաղաքականությունը վերջապես միս ու արյուն ստանա, ապա շատ մեծ ազդեցություն կունենա տնտեսական և սոցիալական խնդիրների վրա: Հաջորդ քայլը, որ ակնկալվում է մեր կառավարությունից, երկրում հստակ հակամենաշնորհային և մրցակցային հարաբերություններ ստեղծելն է: Այնուհետև պետությունը պետք է հստակ երաշխիքներ տա ներդրողներին՝ կապված Հայաստանում նրանց դրամական միջոցների հետ. ՀՀ-ում կապիտալը պետք է ունենա հստակ իրացվելիություն: Հաջորդը, որ տնտեսագետները շատ հաճախ նշում են իրենց ելույթներում, պետության կողմից արտահանման խրախուսումն ու ճիշտ վարկային քաղաքականություն վարելն է: Արտահանման խրախուսման և վարկային քաղաքականության մեջ ճկունություն ապահովելու համար որոշ տնտեսագետներ, օրինակ, կառավարությանն առաջարկում են ռուբլով վարկեր տրամադրել և արտահանումների ռիսկերը մասամբ սուբսիդավորել:

 

 

Այսքանից հետո ակնհայտ է մեկ բան. ապահովել Հայաստանի հետագա զարգացումն ու գոյությունը նույն կերպ, ինչպես նախկինում էր արվում, այլևս անհնար է: Ժամանակի մարտահրավերները ստիպում են մեզ նոր մոտեցումներ ցուցաբերել տնտեսության զարգացման ուղղությամբ՝ առանց որոնց մենք պարզապես կկործանվենք:

 

 

Արդյոք հայրենի կառավարությունը կդրսևորի՞ համապատասխան քաղաքական կամք՝ գոնե մասամբ կյանքի կոչելու այն քայլերը, որոնք մենք նշեցինք վերևում, պարզ կլինի հետագայում, բայց որ այս տարի էլ ստիպված ենք լինելու բավարարվել նվազագույնով, այլևս փաստ է:

 

 

Դավիթ Բաբանով