Նավթի համաշխարհային գների շարունակական անկման հետ կապված Ադրբեջանի 2016 թվականի համար հաստատված պետական բյուջեն կվերանայվի:

 

 

Նախնական տվյալներով' Ադրբեջանի 2016 թվականի բյուջեն դարձյալ քննարկման կդրվի ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է az.azvizion.az լրատվական կայքը:

 

 

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Վահիդ Ահմեդովը կայքի հետ զրույցում այդ առնչությամբ հայտնել է, որ բյուջեում արվելիք փոփոխության մեջ նավթի գինը կարող է հաշվարկվել մեկ բարելի դիմաց 30 դոլարի մակարդակի:

 

 

«Ներկայիս իրականությունից ելնելով, գտնում եմ, որ բյուջեում նավթի գինը պետք է հաշվարկվի մեկ բարելի դիմաց 30 դոլարի մակարդակի: Գինը փոխվելու հետ անհրաժեշտ է բյուջեն դարձյալ վերանայել», -նշել է նա:

 

 

Նրա խոսքով' բյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել էր, որ նավթի գնի փոփոխման հետ կապված մի քանի տաբերակ է մշակվել, դրանք պետք է քննարկվեն եւ որոշում ընդունվի:

 

 

Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեն նախագահ Իլհամ Ալիեւի կողմից հաստատվել է անցյալ տարվա դեկտեմբերի 8-ին: 2016 թվականի պետբյուջեի եկամուտային մասը նախատեսվել է 14,566 մլրդ մանաթ, ծախսային մասը' 16,264 մլրդ մանաթ (այդ թվում' կենտրոնացված եկամուտները' 13,799 մլրդ մանաթ, տեղական եկամուտները' 766,345 մլն մանաթ, կենտրոնացված ծախսերը' 14,722 մլրդ մանաթ, տեղական ծախսերը' 1,541 մլրդ մանաթ):

 

 

Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսվել է 50 ամերիկյան դոլար: Ներկայում նավթի գինը մոտ 30 դոլար է: Փորձագետների կանխատեսումներով' նավթի գինն ավելի կնվազի: