Հայաստանի էներգետիկ համակարգի համար 2015թ. բավական բարդ ու դժվարին տարի է եղել: Այնուհանդերձ, հիմնականում հաջողվել է հաղթահարել ի հայտ եկած խնդիրները և բարենպաստ նախադրյալներ ստեղծել ինչպես համակարգի ֆինանսական խնդիրները բավարարելու, այնպես էլ հզորություններն ավելացնելու, հուսալիությունն ու անվտանգությունը բարձրացնելու, երկրի էներգետիկ համակարգը տարածաշրջանային ծրագրերում ինտեգրելու առումով: Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ ամփոփելով 2015թ.-ին նախարարության կատարած աշխատանքը:

 

 

«Ֆինանսական առողջացման նպատակով ձեռնարկված քայլերը բերեցին նրան, որ համակարգի մի շարք կարևոր օղակներ դադարել են ոչ միայն նոր պարտքեր կուտակել, այլ աստիճանաբար փակում են նախկին վնասները: Խոսքը, մասնավորապես, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասին է, որը տարբեր պատճառներով վերջին տարիներին կուտակել էր մի քանի տասնյակ միլիարդ դրամի հասնող վնասներ՝ մեծացնելով ճնշումը էլեկտրաէներգիայի սակագների վրա՝ միաժամանակ խնդիրներ ստեղծելով համակարգի մյուս ձեռնարկությունների համար: Ֆինանսական դժվարությունների պատճառով ՀԷՑ-ը սկսել էր ժամանակին չկատարել իր պարտավորությունները արտադրող կայանների և ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների նկատմամբ: Դա սպառնում էր համակարգում վերականգնել տարիներ առաջ գոյություն ունեցող փոխադարձ պարտքերի շղթան, ինչը հղի էր լուրջ հետևանքներով, ինչպես էներգետիկ ոլորտի, այնպես էլ ընդհանրապես տնտեսության համար»,- ընդգծեց նախարարը:

 

 

Նախարարը հավելեց, որ 2012-2015թթ ոչ իրատեսական էներգահաշվեկշիռների, ՀԱԷԿ-ի լրացուցիչ կանգառի, ջրի սակավությամբ պայմանավորված ՀԷԿ-երում թերարտադրված էլեկտրաէներգիայի հետևանքով ՀԷՑ-ում առաջացել էր ֆինանսական ճեղքվածք՝ շուրջ 36.4 միլիարդ դրամի չափով: «Դրանից 2013-2014 և 2014-2015 մարժային տարիների ընթացքում հատուցվել է 13 միլիարդ դրամը: Շարունակվեց չլուծված մնալ 24.4 միլիարդ դրամի խնդիրը: Այդ ամենը բերեց նրան, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստիպված եղավ գնալ էլեկտրաէներգիայի թանկացման: Օգոստոսի 1-ից Հայաստանում հոսանքի ս ակագինը բարձրացվեց 6.93 դրամով: Մի բան, ինչն արդարացի դժգոհություններ առաջացրեց հասարակության շրջանում»,- մանրամասնեց նախարարը:

 

 

Զախարյանը նշեց, որ հնչող քննադատությունները փարատելու նպատակով ներգրավվեց միջազգային խորհրդատվական ընկերություն, որի հիմնական խնդիրներից մեկը սակագների հիմնավորվածության վերաբերյալ եզրակացության ներկայացումն էր: Մինչ այդ, կառավարությունը ստանձնեց բնակչության և փոքր ու միջին բիզնեսի համար սակագների սուբսիդավորման պարտավորությունը: «Կատարված ուսումնասիրությոնւներից հետո միջազգային խորհրդատուն հայտարարեց սահմանված սակագների հիմնավորված լինելու մասին: Չնայած դրան՝ կառավարությունը ՀԷՑ-ի նոր սեփականատիրոջ հետ շարունակեց էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցման տրամադրումը՝ շեշտը դնելով հասարակության սոցիալապես առավել խոցելի խմբերին աջակցելու վրա: Պահպանվեց նաև փոքր և միջին բիզնեսի սուբսիդավորումը: Այն կշարունակվի մինչև սակագնային տարվա ավարտը՝ 2016թ. հուլիսի 31-ը:

 

 

Եզրափակելով խոսքը՝ նախարարը հայտնեց, որ 2015թ. ՀԷՑ-ում արձանագրվել է էլեկտրաէներգիայի փաստացի կորուստների կրճատում: Դրանք կազմել են 11.1 տոկոս: Նախորդ տարի ՀԷՑ-ում կորուստները հասնում էին 12.73 տոկոսի: Կորուստների կրճատմանը նպաստել են համակարգի ֆինանսական վիճակի կայունացման ուղղությամբ նախարարության ձեռնարկած քայլերը, ինչպես նաև նոր սեփականատիրոջ կողմից իրականացված միջոցառումները: «Եթե նախկինում մենք ունեինք ոչ արդյունավետ կառավարվող համակարգ, ապա այսօր անցած մի քանի ամիսների ընթացքում ընկերության կողմից բավականին լուրջ աշխատանք է տարվել՝ կապված կառավարման հետ: Մենք ունենք լուրջ սպասելիքներ, որ արդյունավետ կառավարման հետ կապված կունենանք կայուն և տեխնիկապես վերազինված համակարգ: Ամեն դեպքում, այս մի քանի ամիսների աշխատանքի նախնական գնահատականներն այդ մասին են վկայում»,- եզրափակեց նախարարը: