Պաշտպանության նախարարությունում այսօր կազմակերպվել էր 2015-ին հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ տարված աշխատանքների արդյունքների քննարկում: Քննարկման ժամանակ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի հետեւյալ զեկույցը ներկայացրեց վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը.


Պատանի, երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունն անչափ կարեւոր ոլորտ է, որ հետեւողական աշխատանք է պահանջում: Սա եռասերունդ Երկրապահ կամավորականների միության առաջնահերթ խնդիրներից է: Այստեղ ներկա են բոլոր այն կառույցների ներկայացուցիչները, որոնց հետ նշված խնդրի շուրջ համագործակցում է Երկրապահը: Նշեմ, որ լինելով հայոց բանակի ստեղծողը, ծնողը, Երկրապահը միշտ էլ բազմաբնույթ խնդիրների ուղղությամբ, նաեւ՝ հիշատակված հարցի շուրջ համագործակցել է պաշտպանության նախարարության հետ: Այսօր եւս ԵԿՄ-ՊՆ գործակցությունը ամուր հիմքերի վրա է դրված: Սակայն, աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտություն կար ընդլայնելու գործակցության դաշտն ու գործակից կառույցների ցանկը: 2014-ի սեպտեմբերի 9-ին ԵԿՄ, պաշտպանության եւ կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ ստորագրված եռակողմ հուշագիրը նոր թափ հաղորդեց գործընթացին: Աշխատանքներն առավել լիարժեք դարձնելու նպատակով մենք հուշագրեր ենք ստորագրել նաեւ այլ կառույցների հետ:

 

Ես փորձեմ շատ համառոտ ներկայացնել այն հսկայածավալ աշխատանքը, որ նշված ուղղությամբ արդեն մոտ 2 տասնամյակ տանում է ԵԿՄ-ն։

 

Սպարապետ Վազգեն Սարգսյանը իմաստուն առաջնորդ էր։ Նա դեռ ԵԿՄ 3-րդ համագումարում ասում էր, որ մանկապատանեկան համապետական կառույց ստեղծելու անհրաժեշտություն կա։ «Հայ երեխան դեռ դպրոցից պետք է ծանոթ լինի իր ազգի պատմությանը, պետք է իմանա, թե ինքն ով է, որտեղից է գալիս եւ ուր է գնում՝ ինչ առաքելություն ունի»։ Սպարապետն ինքն էլ ձեռնամուխ եղավ «Պատանի երկրապահ» կառույցի ստեղծմանը։ Առաջին ակումբը հիմնադրվեց 1997-ին։ ԵԿՄ-ն, զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, այսօր իրականություն է դարձրել Սպարապետի երազանքը։ Այսօր ՀՀ, Արցախի եւ Սփյուռքի ԵԿՄ բոլոր տարածքային բաժանմունքներում գործում են թվով 88 «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ, բոլոր տարածքներում ակտիվորեն գործում են նաեւ Երիտասարդ երկրապահի ստորաբաժանումներ։ Այս աշխատանքի կարեւորությունը գնահատեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում գործուն աջակցությամբ «Պատանի երկրապահ»-ը պետական ճանաչում ձեռք բերեց։ Ես արդեն ընդգծեցի, որ 2014-ի սեպտեմբերի 9-ին փոխըմբռնման եռակողմ հուշագիր ստորագրվեց ԵԿՄ-ի, պաշտպանության եւ կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ։ Հուշագրի ստորագրմամբ նոր թափ ստացավ հայրենասիրական ակումբների ձեւավորումը։ Այսօր արդեն «Պատանի երկրապահ» ակումբներ բացվել են Հանրապետության բոլոր դպրոցներում։ Ի դեպ, անխտիր բոլոր դպրոցների երեխաներ են մասնակցում մեր կազմակերպած հրամանատարասերժանտական դասընթացներին։ Այսօր արդեն պատանի երկրապահների թիվն անցնում է 30 000-ից, ընդ որում՝ սաների ճիշտ կեսն աղջիկներ են։ Այսինքն՝ այդքան պատանու մենք կտրում ենք փողոցից՝ նրանց ռազմահայրենասիրական դաստիարակություն տալով։ Ի դեպ, մեր դասընթացներում ներգրավված են հայ առաքելական եկեղեցու սպասավորները, պաշտպանության, կրթության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, արդարադատության, սփյուռքի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ոստիկանության, Փաստաբանների պալատի, կադաստրի մասնագետները։ Այս կառույցների հետ մենք համագործակցության հուշագրեր ունենք: Յուրաքանչյուր ոլորտին վերաբերող դասընթացները վարում են համապատասխան ոլորտի՝ բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Մեր երեխաների հետ պարապմունքներ են անցկացնում թաեքվոնդոյի, նետաձգության, ձիասպորտի, դուքենդոյի ֆեդերացիաների, այլ մարզաձեւերի մարզիչները, քանի որ ֆիզկուլտուրան, առողջ ապրելակերպը կարեւորագույն հարցեր են։ Այս առումով մեր երեխաների համար ստեղծված են բոլոր պայմանները: Հիրավի առողջ մարմնում է առողջ հոգի։ Հրամանատարասերժանտական դասընթացների շնորհիվ տասնյակհազարավոր պատանիներ եւ աղջիկներ անցնում են շարային, կրակային պատրաստություն, սովորում են կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում, ցուցաբերել առաջին բուժօգնություն։ Մեր պատանիները հայրենաճանաչության դասեր են անցնում՝ լինելով Հայաստանի, Արցախի բոլոր սահմանամերձ բնակավայրերում, սահմանային զորամասերում, այցելելով Արցախյան պատերազմի նահատակների պատվին, հենց նրանց զոհվելու վայրերում կանգնեցված հուշարձաններին։ Հայ եկեղեցու պատմությանը մեր երեխաները հաղորդակցվում են առաքելական եկեղեցու սպասավորների միջնորդությամբ՝ ներկա լինելով պատարագներին, այլ հոգեւոր արարողությունների, այցելելով պատմաճարտարապետական արժեք ներկայացնող տաճարներ։ Ի դեպ, հատուկ շնորհակալություն ՀՀ նախագահին, ում գործուն միջամտությամբ այսօր պատանի երկրապահները Գեղարքունիքի մարզի անտառային մի գեղատեսիլ վայրում ուսուցման եւ հանգստի կենտրոն ունեն։ Երկրապահն իր բոլոր ռեսուրսները ներդնում է, որ առաջիկայում այդ տարածքը կարողանա նպատակային օգտագործվել ամառ թե ձմեռ։ 2015-ի ամռան ամիսներին ճամբարում դասընթացներ անցան 4945 պատանի եւ աղջիկ, չհաշված՝ երիտասարդ երկրապահներին: Բոլոր հերթափոխերում եղել են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից, Արցախի տարբեր վարչական շրջաններից երեխաներ: Մենք բոլոր այդ պատանի երկրապահների, նրանց ծնողների անունից հատուկ շնորհակալություն ենք հայտնում Ձեզ, պարոն Օհանյան, պաշտպանության նախարարությանը: Սկսած ֆինանսական, նյութական աջակցությունից, ամեն ինչով պաշտպանության նախարարությունն աջակցել է ճամբարին, աջակցել են նաեւ տվյալ տարածքում տեղակայված բանակային կորպուսը, զորամասը: ճամբարային գործընթացին շատ են աջակցել նաեւ արտակարգ իրավիճակների, առողջապահության, ոստիկանության կառույցները՝ շուրջօրյա հերթապահությամբ ըստ ամենայնի երաշխավորելով մեր պատանիների եւ աղջիկների անվտանգությունը:

 

Թյուր կարծիք թող չստեղծվի, թե մեր դասընթացները դպրոցին փոխարինելու նպատակ ունեն։ Միանշանակ՝ ո՛չ։ Այս դասընթացները լրացնում են այն գիտելիքները, որ երեխան ստանում է դպրոցում։ Դասընթացներն անցկացվում են փողոցի, ոչ թե՝ դպրոցի հաշվին: Ինչպես պատկերավոր ներկայացնում է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը. «Պատանի երկրապահի համար վերեւում Աստված է, ներքեւում՝ ծնողները, առջեւում՝ հայոց անկախ պետականությունը։ Մեր այս կառույցով անցած երեխաները սովորում են ցանկացած պահի պաշտպանել սրբությունները՝ մորը, Աստծուն, հայրենիքը»։ Հավելեմ, որ «Պատանի երկրապահ» կառույցում թրծված տղաները հայոց բանակի լավագույն զինվորներ, լավագույն սպաներ են դառնում։ Երկրապահը մշտապես զորամասերի ղեկավարությունից, ՊՆ հրամկազմից եւ անձամբ նախարարից շնորհակալագրեր է ստանում իր դաստիարակած կադրերի օրինակելի ծառայության համար։ Սակայն, ես նշեմ, որ մեր պատանիները ոչ միայն բանակի համար են դառնում պատրաստի, հայեցի դաստիարակված կադրեր, այլեւ դառնում են Հայաստան պետության լիարժեք քաղաքացի, լավ մասնագետ, պիտանի մարդ ազգի, պետության, իրենց ընտանիքների համար։ Երկրապահն ուշադիր է իր պատանեկան, երիտասարդական կառույցներով անցած սաների նկատմամբ: Մենք հետեւողական ենք, որ ռազմահայրենասիրական դաստիարակություն ստացած, ապա հայրենիքի նկատմամբ պարտքը կատարած, բանակից վերադարձած երկրապահը նաեւ բարձրագույն կրթություն ստանա, ապա՝ գտնի իր տեղը հասարակության մեջ: Կադրերի բանկ ենք ստեղծում եւ մեր սաներին աջակցում ենք նաեւ աշխատանքի տեղավորման հարցերում: Այստեղ հատուկ ընդգծեմ, որ մեր գործունեության հիմքում կամավորականության սկզբունքն է: Մենք կամավոր ենք մեկնել ռազմաճակատ, կամավոր ենք զինվորագրվել հայրենիքը շենացնելու գործին: Այսօր էլ հայրենասիրական ակումբներում սաներն անդամագրվում են կամավոր հիմունքներով, համապատասխան մասնագետները կամավոր են պարապմունքներ անցկացնում: Մեզ պարտադրաբար բերվող մասնագետներ կամ երեխաներ պետք չեն: Մենք դրա կարիքը չունենք:

 

Ես որոշակի փաստեր արձանագրեմ' տեղ-տեղ խոսելով թվերի լեզվով: Այսպես ուրեմն, ներկայում ՀՀ տարածքի ԵԿՄ բաժանմունքներում գործում է «Պատանի երկրապահ» կառույցի 73 ստորաբաժանում,իսկ Արցախում եւ Սփյուռքում՝ 15: 2015 թ. ընթացքում ակումբներ են բացվել Հանրապետության բոլոր դպրոցներում: Այդ կերպ պատանի երկրապահների թիվն ամբողջ տարվա ընթացքում ավելացել է մոտ 20 000-ով: Մեր պատանիները պատշաճ մասնակցություն են ունեցել բոլոր կարեւոր համապետական եւ երկրապահական միջոցառումներին' բանակի օր, Անկախության օր, Երկրապահի օր, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օր եւ այլն: Այս տարի եւս բարձր մակարդակով անցկացվեց «Պատանի երկրապահ» կառույցի ռազմամարզական սպարտակիադան' երեք փուլով: Պատանի երկրապահները բազմազան ու բազմապիսի միջոցառումներ են կազմակերպում, անցկացնում՝ մարզական, մշակութային, գաղափարաքարոզչական, այլ բնույթի: Իրենք էլ մասնակցում են այլեւայլ միջոցառումների: Զորօրինակ կարող եմ հպարտությամբ փաստել, որ «Սոյուզ» զորավարժություններին պատանի երկրապահները մասնակցեցին ամենայն պատասխանատվությամբ՝ բարձր պահելով ոչ միայն Երկրապահի, այլեւ՝ Հայաստանի Հանրապետության պատիվը:

 

Մեր պատանի երկրապահների համար առանձնակի նշանակություն եւ գրավչություն ունի ամենամյա ուխտագնացությանը մասնակցությունը: Ուխտագնացությունն սկսվում է մարտի 5-ին' Սպարապետի ծննդյան օրն ու անցնում է ՀՀ բոլոր սահմանամերձ բնակավայրերով ու ավարտվում Արցախի բոլոր վարչական շրջաններ, բոլոր շեներ այցելությամբ: Սա դաստիարակչական առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ պատանիներն ու աղջիկները հայրենաճանաչման կենդանի դասեր են անցնում' հատկապես մասնակցելով Արցախյան ազատամարտում զոհված քաջերի պատվին հենց նրանց զոհվելու վայրերում կանգնեցված հուշարձաններ: Այս տարի արդեն ուխտագնացությունն սկսեցինք հենց տարեսկզբին՝ Հանրապետության բոլոր սահմանամերձ տարածքներում լինելուց հետո, եռասերունդ Երկրապահը տարին սկսեց դեպի Արցախ ուխտագնացությամբ՝ լինելով բոլոր շեներում, զորամասերում, առաջնագծում, հիվանդանոցներում, ծննդատներում, մանկատներում, ծերանոցներում, կալանավայրերում, այլուր: Էլ սրանից առավել ինչ կա՝ պատանի երկրապահ կամավորականն ավագ գործընկերների կողքին լինում է Արցախի ամեն մի անկյունում, հավասարի իրավունքով մասնակցում բոլոր նախաձեռնություններին: 2015-ը հայ ազգի համար կարեւոր տարեթիվ էր, քանի որ լրացավ հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը: Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ մոտ 40 խաչքար կանգնեցվեց ի հիշատակ ցեղասպանության սրբադասված նահատակների: խաչքարեր տեղադրվեցին Արցախի, Հայաստանի, Սփյուռքի տարբեր տարածքներում: Ընդ որում' տեղադրվում են Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները' որպես ապացույց, որ հայի հավատքը, հայ մշակույթն անպարտելի են եւ անմահ: Բոլոր այս խաչքարերի բացման եւ օծման արարողություններին կարեւոր մասնակցություն են ունենում պատանի, երիտասարդ երկրապահ կամավորականները: Առհասարակ՝ պատանի երկրապահները հավասարի իրավունքով մասնակցում են բոլո երկրապահական միջոցառումներին: Երիտասարդ երկրապահների, ավագ սերնդի երկրապահների աչալուրջ հսկողությամբ, ավագներից դասեր սերտելով՝ մեր պատանիներն ըմբռնում են, որ իրենք են երկրի տերը, հոգատարություն, հարազատություն են ձեռք բերում երկրի, պետության հանդեպ:

 

Ամփոփելով՝ ընդգծեմ, որ պատանի երկրապահը վաղվա հզոր Հայաստանն է, վաղվա պաշտպանված եւ բարեկեցիկ Արցախը եւ կոչ անեմ բոլորիդ՝ հնարավորության սահմաններում աջակցեք «Պատանի երկրապահ» կառույցների գործունեությանը։ Աջակցելով այս երեխաներին՝ աջակցած կլինեք սերունդների ճիշտ դաստիարակման, կրթման հայրենանվեր գործին եւ նախազորակոչային տարիքի երիտասարդության հետ կապված բոլոր բարդույթների հաղթահարմանը կնպաստեք։ Իհարկե, մենք լուրջ աջակցություն ստանում ենք տարբեր կառույցներից, խոսքն առաջին հերթին վերաբերում է գործընկեր կառույցներին, որոնց անունները թվարկեցի քիչ առաջ: Հիշված խնդիրների իրականացմանն աջակցում են կառավարությունը, մարզպետարանները, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն բոլոր այդ կառույցներին, եւ երկրապահական եռասերունդ ընտանիքի հատուկ շնորհակալությունները ՀՀ նախագահին ու պաշտպանության նախարարին: ՀՀ նախագահը, առանց վարանելու կարելի է ասել, բոլոր երկրապահական հայրենասիրական ձեռնարկների ե´ւ համակազմակերպիչ է, ե´ւ հիմնական նախաձեռնողներից: Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարությանը, ապա դեռ չի եղել դեպք, որ Երկրապահն ինչ-որ հարցով դիմի նախարարությանն ու մերժում ստանա: Վերը թվարկված բոլոր միջոցառումների կայացման մեջ զգալի ավանդ ունի պաշտպանության նախարարությունը: