ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանում դաբաղի տարածման մասին շրջանառվող լուրերին՝ ասել է, թե այդ հայտարարությունները սխալ են և հիվանդությւոն էլ տարածված չէ, հետևաբար կենդանիների միսը ուտելու հարցում որևէ ռիսկ չկա:
Ծառայության ներկայացուցիչը նաև վերջին օրերին դաբաղի հնարավոր տարածման մասին՝ տարբեր մարդկանց տված գնահատականները համարեց ոչ պրոֆեսիոնալ:
Այդ դեպքում հարց է առաջանում՝ հավանաբար ոչ պրոֆեսիոնալ են նաև Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսական վերահսկողական ծառայության՝ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարությունն ու աշխատակիցնե՞րը. որովհետև նույն «Ռոսսելխոզնադզորի» որոշմամբ՝ հունվարի 20-ից սկսած արգելվել է մի շարք գյուղմթերքների, նաև կաթնամթերքի ու մսի ներմուծումը Հայաստանից Ռուսաստան: Պատճառը հենց դաբաղի հետ կապված իրավիճակն է:
Ես, անշուշտ հակված եմ հավատալ հայկական կողմին, մեր գյուղնախարարության սննդամթերքի պետական ծառայությանը, սակայն այդ դեպքում կարծում եմ ճիշտ կլինի, որ Հայաստանի կառավարությունը տեղեկացնի Ռուսաստանի համապատասխան ծառայություններին, որ ռուսների տված գնահատականներն իրավիճակի վերաբերյալ պրոֆեսիանալ չեն, որ իրականում ոչ մի վտանգ չկա, և որ Ռուսաստանը պետք է անմիջապես հանի դրված արգելքները: Արդարացի բան եմ չէ՞ ասում՝ եթե չկա որևէ վտանգ, ապա որպես ի՞նչ է Ռուսաստանն արգելում ներմուծել այդ ապրանքները: Եվ նման դեպքում չպետք է լռել, այլ պետք է առնվազն այդ հարցը տալ ռուսական կողմին, որովհետև զրկվելով վերոհիշյալ ապրանքները Ռուսատան արտահանելու հնարավորությունից՝ մեր տնտեսությունը վնաս կկրի և այդ ամենը՝ հանուն ռուսների ոչ պրոֆեսիոնալ գնահատականի՞...
Ես չգիտեմ, թե տվյալ դեպքում ով է մեր հասարակությանը փորձում մոլորեցնել, մե՞ր, թե՞ Ռուսաստանի համապատասխան ծառայությունը, թե՞ սա ռուսական կողմի սխալն է, կամ էլ ռուսական կողմը այլ միտումներ ուներ նման որոշում կայացնելու համար, սակայն Հայաստանի կառավարությունն էլ իր հերթին, եթե ինքը մեղավոր չէ, առնվազն պետք է համարձակություն ունենա և փաստերով ապացուցի Ռուսաստանին, որ վերջիններս սխալ են: Դե ձեզ տեսնեմ, պարոնայք:
Կարեն Վարդանյան