Տնտեսական ոլորտի աճպարարություններն ու թվային տվյալների խեղաթյուրումները հասել են այն աստիճանի, որ ոլորտի տարբեր պատասխանտուներն սկսվել են հակադրվել մեկը մյուսին եւ այս պարագայում փորձել պարզել, թե ո՞ր մեկն է ո՞ր չափով ստում` գործնականում անհնար է։
Դիցուք՝ բերենք նման հակասությունների մի քանի օրինակներ: Եթե վարչապետ Փաշինյանը պնդում է, որ խոշորներն սկսել են ավելի շատ հարկ վճարել, ապա ՊԵԿ վերջերս տարածած՝ 1000 խոշոր հարկատուների ցանկը խոսում է տրամագծորեն հակառակ իրողության մասին: Այն է` խոշորները մի քանի անգամ նվազեցրել են վճարվող հարկերը, իսկ հարկերի հավաքագրման զգալի մասը ապահովում են ՓՄՁ-ները:
ՊԵԿ-ն ու Փաշինյանը միմյանց հակասում են նաև բացված և փակված աշխատատեղերի հարցում: Ըստ ՊԵԿ պաշտոնական թվերի՝ Հայաստանում աշխատատեղերի թիվը 2020 թվականի ապրիլին կրճատվել է՝ 620 հազարից դառնալով 547 հազար, Փաշինյանն այդ նույն ժամանակ ֆեյսբուքյան գրառումներ էր անում՝ ավետելով, որ Հայաստանում աշխատատեղերի կայուն աճ է գրանցվում:
Իշխանափոխությունից հետո պատերազմ հայտարարվեց ստվերային տնտեսությանը և անպարտաճանաչ հարկատուներին։ Պարզվում է՝ պատերազմն այնքան էլ լուրջ արդյունքներ չի տվել։ Եվ այդ մասին բացահայտ հայտնում են ՊԵԿ-ից` նշելով, որ միայն անցած տարի ՊԵԿ-ը շուրջ 8.5 մլրդ դրամի ստվերային շրջանառություն է բացահայտել: Այսինքն` հեղափոխությունից երեք տարի անց էլ ստվերային տնտեսության ծավալները շարունակում են սահմռկեցուցիչ մնալ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսներում հայտարարում էր, որ ստվերի դեմ պայքարը հաջողել է:
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի տնտեսությունը առողջացման դինամիկա է ցույց տալիս, հատկապես բարելավվել է արտահանումը: ՊԵԿ-ը իր հերթին հայտնում է, որ նախորդ տարի արտահանումը կրճատվել է 7 տոկոսով, միայն հագուստի արտահանումը նվազել է 22.3 տոկոսով:
Միմյանց հակասում են նաև Փաշինյանը և էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը: Եթե Փաշինյանը պնդում է, որ տնտեսությունը առողջանում է, իսկ բիզնեսը պատշաճ աջակցություն ստանում պետությունից, ապա նախարարը իր հարցազրույցի ընթացքում հայտարարում է, որ բիզնեսի վիճակը Հայաստանում ծայր աստիճան վատ է: Մյուս կողմից էլ՝ Քերոբյանը հաջողում է հակասել նաև ինքն իրեն՝ մի կողմից նա հայտարարում է, որ ներդրողների հերթ է գոյացել՝ Հայաստանում համապատասխան ինվեստիցիաներ անել ցանկացողներից, մյուս դեպքում հայտարարում է, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամը կարող է դեռ երկար ձգվել: Հարց է առաջանում, իսկ եթե կան միլիարդների հասնող ներդրումներ, ինչպես պնդում է նախարարը, ինչո՞ւ են իր կանխատեսումները այդչափ հոռետեսական…
Ինչպես տեսնում ենք՝ հստակ սահմանազատել ճիշտն ու սխալը ստեղծված իրավիճակում անչափ բարդ գործ է: Մնում է կռահել, թե ով է վերը նշված երեքից առավել անկեղծ հանրության հետ` տնտեսության իրական վիճակը բնութագրելիս…