«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Տպավորություն է, թե Հայաստանի իշխանությունների կարծիքով օտարերկրյա պաշտոնյաները ծայրաստիճան միամիտ են ու այդ առիթից օգտվելով՝ փորձում են Հայաստանի մասին այնպիսի կեղծ փաստարկներ բերել, որոնք իրականության հետ լավագույն դեպքում հեռավոր աղերսներ ունեն միայն:
Օրինակ՝ Սերժ Սարգսյանը Հնդկաստան այցի ժամանակ երեկ «DD news» լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է. «Մենք տարիներ շարունակ առաջընթաց ունենք «Dooing business»-ի ցուցանիշով: Ես այսօր լսեցի, որ այդ աղյուսակում Հնդկաստանը 30 տեղով բարելավել է դիրքերը` գտնվելով 100 երկրների շարքում: Մենք էլ ենք բավական բարենպաստ գոտում, մենք առաջին 50 երկրների ցանկում ենք»:
Իհարկե, փաստ է, որ Հայաստանն առաջին 50 երկրների ցանկում է, բայց այս տարվա ընթացքում առաջընթացի փոխարեն միանգամից 9 հորիզոնականով նահանջել է՝ 38-րդ հորիզոնականից հայտնվելով 47-րդում: Ընդ որում, Հայաստանի հարեւան պետություններն, ընդհակառակը, առաջընթաց են գրանցել նույն «Dooing business»-ում: Եւ հետո, երբ պարզվեց, որ Հայաստանը «Dooing business»-ում զիջել է իր դիրքերը, նույն վարչապետ Կարեն Կարապետյանը արդարացել էր, որ «Ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ բոլոր ատյաններից մասնակիցները լինելու են ղեկավարի տեղակալներ` իրենց անձնական պատասխանատվությամբ», նաեւ թվարկել թույլ կետերը՝ դատական համակարգ, սննկացման ինստիտուտներ, վարկերի տրամադրման գործընթաց…:
Կարծում ենք՝ օտարերկրացիները եւս գիտեն կամ կարող են տեղեկանալ այս ամենի մասին, իրականությունը չես թաքցնի: Եւ անտեղյակ հայտարարությունները, թերեւս, չարժեն»:
Առավել մանրամասը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում