Արևմուտքը փորձում է հասնել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալուն, ինչը Երևանին ավելի մեծ կախվածության մեջ կգցի ՆԱՏՕ-ից՝ Բաքվի հետ հետագա հարաբերությունների հարցում, ասել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն, ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Բորտնիկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Երևանին համոզելով հետաձգել Բաքվի հետ բանակցությունները՝ Արևմուտքը փորձում է ղեկավարել ադրբեջանահայկական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում իր «խաղաղապահ» կոնտինգենտի տեղակայմանը' դե յուրե ՄԱԿ-ի և դե ֆակտո ՆԱՏՕ-ի հովանու ներքո», այս մասին Բորտնիկովն ասել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 55-րդ նիստում։
«Միևնույն ժամանակ, արտոնյալ սպառազինությունների մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց Արևմուտքը Հայաստանի կառավարությունից պահանջում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչը Երևանին ավելի մեծ կախվածության մեջ կգցի Հյուսիսատլանտյան դաշինքից Բաքվի հետ հետագա հարաբերությունների հարցում։ Եվ հաշվի առնելով աշխարհի տարբեր տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի միջնորդության ողջ նախկին փորձը՝ Անդրկովկասում դաշինքի համախմբումն ակնհայտորեն չի նպաստի տարածաշրջանի կայունությանը»,- հավելել է Բորտնիկովը։