Բոլոր երկրների «մայդանասերները», որոնք վերջին օրերին մի այլ կարգի ոգևորված էին Մոլդովայում տեղի ունեցող իրադարձություններով՝ ցանկանալով տեսնել այնտեղ իրենց բաղձալի «Մայդանը», ստիպված կլինեն խորը հիասթափություն ապրել և ջղաձգվել: Մանավանդ ուկրաինական լրատվամիջոցները հեղեղվել են «Մայդանը Մոլդովայում» կամ «Մոլդովայում Մայդան է» ու նմանատիպ վերնագրերով նյութերով: Նրանք էլ ստիպված են հիասթափվել:

 

Ստիպված կլինի խորը հիասթափություն ապրել նաև ռուսամոլների բանակը, ովքեր Մոլդովայի նույն իրադարձությունները մեկնաբանում էին որպես պայքար հանուն ռուսական կողմնորոշման՝ մի անասելի հաճույք ստանալով իրենց իսկ մեկնաբանություններից:

 

Բոլոր կողմերի հաճույքների շղթայի վերջը դրեցին հենց մոլդովացիները, դեպքերի մասնակիցները, որոնք արդեն լրատվամիջոցների միջոցով հայտարարում են, որ այն, ինչ տեղի է ունենում իրենց մոտ, ո՛չ «Մայդան» է հանուն արևմտյան կողմնորոշման, ո՛չ էլ պայքար հանուն ռուսական կողմնորոշման, այլ պարզապես մարդիկ ունեն սոցիալական խնդիրներ, երկրում ծաղկում է կոռուպցիան, և մարդիկ ոտքի են ելել՝ այդ արատավոր երևույթների դեմ պայքարելու:

 

Հիշու՞մ եք՝ Բաղրամյանի դեպքերի ժամանակ էլ նման մեկնաբանություններ էին հնչում, մանավանդ ուկրաինացիների մոտ նման մի ոգևորություն էր, մինչև որ վեր բարձրացվեց հայտնի պաստառը՝ «Это не майдан, это Маршал Баграмян» գրությամբ: Կարծում եմ՝ մոլդովացիներն էլ պետք է նման մի բան անեն, որպեսզի ոգևորվողներն անիմաստ երազանքների գիրկը չընկնեն, որովհետև անիմաստ երազանքների վերջը երազախաբությունն է: Իսկ հիասթափությունը, հասկանում եմ, անդուր զգացում է, բայց այն հնարավոր է հաղթահարել, ջղաձգությունների դեպքում էլ օգնում է «Վալոկարդինը»:

 

Կարեն Վարդանյան