ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ նախորդ տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունն ամենացավալի երևույթն էր, որը մեծ ստվեր գցեց ռազմական ինստիտուտի ողջ պատմության, ղեկավարության աշխատանքի վրա: Օհանյանը հավաստիացնում է, որ Պաշտպանության նախարարությունը հետևելու է, որպեսզի կուրսան տի սպանության մեջ մեղավոր անձինք մինչև վերջ հայտնաբերվեն և պատժվեն ըստ օրենքի: Միաժամանակ, նախարարը շեշտում է, որ մեկ պատմությամբ պետք չէ կարծիք կազմել ինստիտուտի մասին:

 

 

«Նախ ասեմ, որ ռազմական ինստիտուտն իր առջև դրված խնդիրն իրականացրել է, եթե չիրականացներ, մենք չէինք կարողանա բանակն ապահովել անհրաժեշտ հրամանատարական կազմով: Մենք ունենք հրամանատարների մի մեծ համաստեղություն, որոնք իրենց գրագիտությամբ ու ունակություններով չեն տարբերվում ոչ Խորհրդային միության, ոչ այլ կադրային սպաներից, դեռ մի բան էլ առանձնանում են իրենց հայրենասիրությամբ, գաղափարական դաստիարակությամբ»,-նշեց նախարար Օհանյանը:

 

 

Ըստ նրա, նաև նման կազմակերպված կառույցներում են լինում բացթողումներ, որոնցից կուրսանտի սպանությանը ՊՆ-ն շատ խիստ է արձագանքել: Արդյունքում՝ անցկացված ծառական քննությունից հետո մեծ քանակությամբ հրամանատարներ պատժվել են կամ ազատվել են աշխատանքից, ոմանք՝ փոխարինվել: