Երևան քաղաքում տեղակայված ուսումնական զորամասերից մեկում հունվարի 29-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ այսօր' հունվարի 31-ին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել: Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

 

Հունվարի 29-ին' ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի կուրսանտ Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ կատարվող նախնական քննության, նշանակված ծառայողական քննության մանրամասներին ծանոթանալու նպատակով հունվարի 31-ին նախարար Սեյրան Օհանյանը այցելել է դեպքի վայր' խորհրդակցություն հրավիրելով ուսումնական զորամասի հրամկազմի հետ:

 

Խորհրդակցության ընթացքում դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման, կատարված հանցագործության հետ ուղղակի և անուղղակի առնչվող մեղավորների շրջանակը պարզելու ուղղությամբ հարուցված ծառայողական քննության արդյունքների մասին զեկուցել է ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը:

 

Անդրադառնալով միջադեպին' պաշտպանության նախարարը մասնավորապես նշել է, որ տեղի ունեցածը չափազանց մեծ ցավ ու ողբերգություն է և թիկունքից հարված է ողջ զինված ուժերին: Լսելով դեպքին առնչվող բոլոր նյութերի մանրամասները' նախարարն իր վրդովմունքն է արտահայտել այն առնչությամբ, որ որոշ սպաների անհետևողական աշխատանքի, ծառայողական պարտականությունները չկատարելու պատճառով զորամասում գլուխ են բարձրացրել արատավոր բարքերը, որոնց արդյունքում էլ ծնվել է հանցագործությունը:

 

Խստորեն հանդիմանելով ուսումնական զորամասի ամբողջ հրամկազմին' Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ, ինչպես նաև կատարվելու է ուսումնական զորամասի հաստիքային կազմի արմատական փոփոխություն:

 

Պաշտպանության նախարարը հանձնարարել է նաև ծառայողական քննության արդյունքների հիման վրա կազմել հեռանկարային պլան' հայտնաբերված թերությունները վերացնելու և ուսումնական գործընթացը հիմնովին բարելավելու ուղղությամբ:

 

Դեպքի առթիվ կատարվող նախաքնննությունը շարունակվում է: