Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 21-ին, շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննությունը: Դատական նիստին այսօր ցուցմունք են տալիս ամբաստանյալները:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը։

 

Ամբաստանյալ Գնել Թևոսյանը գործով ցուցմունք տալիս նշեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ Հայկազ Բարսեղյանին վերջին անգամ տեսել է հունվարի 28-ին, որի հետ ունեցել է նորմալ հարաբերություններ. «Դեպքին նախորդող գիշերը` 23։30-ին, եկել եմ ու քնել, արթնացել եմ առավոտյան, դեպքի մասին իմացել եմ կապիտան Ավետիսյանից։ Ժամը 2։30-ին տեղափոխվել եմ Ռազմական ոստիկանություն։ Այնտեղ ճնշումներ են գործադրել, ամեն ինչ արել են, որ ինձ մեղավոր ճանաչեմ, բայց դա իրենց չի հաջողվել։ Դրանից հետո ինձ ձերբակալել են»,- ասաց նա՝ ապա անդրադառնալով դատաքիմիական փորձաքննության արդյունքներին, թե ալկոհոլ է օգտագործած եղել, Թևոսյանն ասաց, որ եզրակացության հետ համաձյն չէ, քանի որ ինքը ընդհանրապես ալկոհոլ չի օգտագործում:

Գործով նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի  հարցին՝ վկաները նշել են, որ ինքն արտոնյալ է եղել,  Թևոսյանը պատասխանեց. «Ես զինվորականի ընտանիքում եմ մեծացել: Այնտեղ գնացել եմ սովորելու նպատակով, ոչ թե ինձ ցույց տալու։ Այդտեղ գնում ես ոչ թե քրեական հեղինակություն, այլ հայրենիքի պաշտպան դառնալու համար»,- ասաց նա։

Ավելի վաղ՝ այս գործով հրապարակվել էր վկաներից մեկի՝ Խաչիկ Մինասյանի նախաքննական ցուցմունքը, ով Հայկազ Բարսեղյանի սպանության օրը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում օրապահ է եղել: Նա նախաքննական մարմնին պատմել է, որ սպանության օրը տեսել է, թե ինչպես են գործով ամբաստանյալները մտնում Հայկազ Բարսեղյանի սենյակ, լսվում է աղմուկ, հայհոյանքներ, որից հետո այլեւս ձայներ չեն լսվում: Խաչիկ Մինասյանն ավելի ուշ հրաժարվել է նախաքննական ցուցմունքից:

Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, իսկ նրա անունից գրություն թողել՝ իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: