Փաստաբան Շարբաթյանի սպանության գործում 5 մեղադրող դատախազներից այժմ՝ դատական քննության ավարտին՝ ճառերի փուլում, ապացույցների իսպառ բացակայության պայմաններում նրանցից ոչ մեկը չի ներկայանում դատարան՝ հրաժարվելու խմբակային սպանության՝ իրենց առաջադրած մեղադրանքից: Նախորդ դատական նիստին չներկայացած պետական մեղադրողները գոնե իրենց բացակայությունը պատճառաբանող գրություն էին ուղարկել դատարան, թե տեխնիկական պատճառներով չեն հասցրել պատրաստել ավարտական ճառը, իսկ այս անգամ նույնիսկ հարկ չհամարեցին որևէ կերպ պատճառաբանել իրենց բացակայությունը:
Հայտարարված ընդմիջումից հետո դատավորը դահլիճում հավաքված քաղաքացիներին փոխանցեց գլխավոր դատախազության բանավոր պատասխանը, թե մեղադրող Արթուր Երիցյանի ավտոմեքենան ճանապարհին խափանվել է, մյուս երկու մեղադրողների մասին, սակայն, որևէ բան չտեղեկացվեց. դատարանին ոչինչ չէր հաջողվել պարզել:
Պաշտպաններն իրենց զարմանքը հայտնեցին դատախազների նմանօրինակ պահվածի վերաբերյալ՝ նշելով, որ իրենց մասնագիտական պրակտիկայում չեն հիշում մի որևէ դատական գործ, որ մեղադրողները նման խուսափողական վարքագիծ դրսևորեն: Այն անհարգալից գնահատեցին՝ առաջին հերթին դատարանի նկատմամբ: Ամբաստանյալ Սամվել Դիլոյանը գլխավոր դատախազությունից ուղարկված պետական պաշտոնյայի գործողություններն այլ կերպ որակեց՝ «սաբոտաժ»՝ միաժամանակ հարցադրում անելով՝ արդյոք պետական մեղադրողը սրանով գլխավոր դատախազի կարծի՞քն է արտահայտում, թե՞ նրա անտեղյակությամբ է կատարվում այս ամենաթողությունը:
«Պարոն Երիցյանի նմանատիպ սաբոտաժը ես անգամ քրեածին եմ համարում, որովհետև ինքը անմիջական իր գործողություններով՝ հանցավոր համաձայնության կանչելով տուժողի իրավահաջորդին (նկատի ունի մեղադրողի՝ տուժող կողմին արված դիակի անօրինական արտաշիրմման առաջարկը) իր կարծիքով մարսեց, թույլ է տալիս նաև դատարանի նկատմամբ ուղղակի ոտնահարում: Ես գտնում եմ՝ ուղղակի բերման պետք է ենթարկել պարոն Երիցյանին, ինքը արդեն Հայաստանի Հանրապետության դատարանի հեղինակության նկատմամբ է ոտնձգություն կատարում: Այստեղ արդեն իմ խնդիրը չէ միայն, ես կարողացա վեր հանել և դիմակը բացել գլխավոր դատախազությունից ուղարկված անձի, որ էստեղ տարբեր սաբոտաժային միջոցներով փորձում է ինչ-որ «քողարկումներ անել»: Այսինքն, դուք հասկանո՞ւմ եք, ճառերի փուլում ենք, վերջնական ճառից դատախազները խույս են տալիս: Սա նշանակում է, որ ճառերի փուլում, երբ դատախազությունը որևէ ասելիք չի գտնում, պարզ խույս է տալիս դատական պրոցեսից: Հենց սա էլ է բացահայտ խոսում նրա մասին, որ կատարվել է հանցագործություն ոստիկանության ներկայացուցիչների, նախաքննական մարմնի ներկայացուցիչների կողմից, որոնց նաև հովանավորում են դատախազության որոշ ներկայացուցիչներ: Չեմ կարծում, որ ՀՀ գլխավոր դատախազը էդ աստիճան հնարավոր է անտեղյակ լինի էս ամեն ինչից, և չեմ կարողանում ուղղակի պատկերացնել, որ հնարավոր է նաև տեղյակ լինի էս ամեն ինչից. սա որևէ տրամաբանության շրջանակներում չտեղավորվող, իմ կարծիքով, քրեածին գործողություններ են, որ ուղղակի սաբոտաժի ենթարկեն դատական պրոցեսը:
3 տարի անցել է, մենք որևէ նիստից չենք բացակայել, համարյա թե միջնորդություն չենք արել, միջնորդություններն արել է դատախազությունը, բացակայություններն արել է դատախությունը, ձգձգել է պրոցեսը դատախազությունը, միտումնավոր իրականացրել է էս սաբոտաժը: Վերջին թե՛ անգործութունները պարոն Երիցյանի՝ գլխավոր դատախազության կողմից ուղարկված անձի, թե՛ գործողությունները խոսում են միմիայն այն մասին, որ ինքը ուղարկված է եղել էստեղ՝ էս դատական պրոցեսը՝ իմ նկատմամբ իրականացվող հետապնդումը, ուղղակի ինչ-որ մի կերպ «փրկելու» և փորձելու իրադարձությունները զարգացնել իրենց նպատակային ուղղվածությամբ: Էն որ մենք ակնհայտ ապացուցել ենք, որ հանցագործություններ են տեղի ունեցել նեղ շահադիտական նպատակներով, ուղղված իմ հանդեպ, դա հետապնդում է, էդ ամեն ինչին ի պատասխան՝ ուղղակի խույս տալ և փախուստ տա՞լ, սա արդեն լրիվ ակնհայտ է»:
Հաջորդ նիստը նշանակված է վաղը՝ ժամը 12.00-ին՝ դատախազներին վերջապես դատարանում տեսնելու ակնկալիքով: