«Ես քիչ առաջ Գաբրիել հրեշտակից լուր ստացա, որ տիեզերքից այս անգամ նման բան Վարդան Սեդրակյանին չեն հաղորդել: Ստացվում է, որ նրա հայտարարությունները ուղղորդված են ոչ թե ի վերուստ, այլ՝ ուրիշ ուժերի կողմից: Գաբրիել հրեշտակը մեզ փոխանցեց նաև, որ այդ ուժերը, որոնք ուղղորդում են պարոն Սեդրակյանին, թող պատրաստ լինեն փետրվարի 18-ին նախագահական ընտրություններում ջախջախիչ պարտություն կրելու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Ժառանգություն կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը՝ մեկնաբանելով Վարդան Սեդրակյանի վերջին հայտարարությունը:
Ավելի վաղ ԳԱԼԱ-ն տեղեկացրել էր, որ Վարդան Սեդրակյանը հանդես է եկել հայտարարությամբ, որ մահափորձը կազմակերպել են Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցող ամերիկյան մասոնական կառույցները՝ հստակ կազմված սցենարով:
Մեր այն հարցին՝ թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը տեղյա՞կ է արդյոք Վարդան Սեդրակյանի վերոնշյալ հայտարարության մասին, Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա պահին քարոզարշավ է անցկացնում և նման բաներին ուշադրություն դարձնելու ժամանակ չունի:
Մելանյա Մելքումյան