Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արաբական Միացյալ էմիրություններ կատարած երկօրյա «պաշտոնական» այցի հետ կապված՝ ադրբեջանական մամուլում ոչ միանշանակ կարծիքներ են հնչում: Իշխանամետ մամուլը հայտնում է, որ այն երկու երկրների միջև «համագործակցությունը զարգացնելու բնույթ է կրում»: Ընդդիմադիր մամուլը համոզմունք է հայտնում, որ Ալիևը մեկնել է Դուբայ արաբ շեյխերից փող խնդրելու:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնավորապես «Ազադլըգ» թերթն իր' «Ինչու է Ալիևը մեկնել Դուբայ» վերնագրով հոդվածում, հղում կատարելով ԱՄԷ-ի Gulf News թերթին, հայտնում է, որ Ալիևի այդ երկիր մեկնելու նպատակը «քաղաքական, տնտեսական, առևտրային և ներդրումների» հարցեր քննարկելն է' հիմնական ուշադրությունը հատուկ ուղղելով գյուղատնտեսությանը:
Ըստ թերթի' Արժույթի միջազգային հիմնադրամից և Համաշխարհային բանկից օգնության հույսը կտրած Ալիևի ԱՄԷ մեկնելու հիմնական նպատակը ֆինանսական միջոցների որոնումն է:
«Ադրբեջանում ֆինանսական ճգնաժամի խորացման հետ կառավարությունը փողի որոնումներ է սկսել: Եթե կառավարությունն առաջին օրերին դա թաքցնում էր, ապա հետո սկսեց բացահայտ հայտարարել: Դրանից հետո Ադրրբեջանի կառավարությունը ԱՄՀ-ից և ՀԲ-ից 4 մլրդ դոլար պարտք խնդրեց: Սակայն, վերջիններս նրա առաջ կառավարման և տնտեսակլան բարեփոխումների պայմաններ դրեցին: Այդ պայմանները Բաքվի կողմից չընդունվելու պատճառով բանակցություններն արդյունք չտվեցին: Ինչպես երևում է' ԱՄՀ-ից «նեղացած» Իլհամ Ալիևը որոշել է պարտք խնդրել արաբ շեյխերից»,- գրում է թերթը:
Թերթը միաժամանակ հետաքրքիր է համարում է, որ Ալիևի ԱՄԷ կատարած այցի առաջին իսկ օրը Gulf News թերթը հրապարակել է աշխարհի 3 ազդեցիկ վարկանիշային գործակալություններից (Mood's և Fitch Ratings-ին զուգահեռ) Standart and Poor's-ի կողմից Ադրբեջանի վարկային վարկանիշը BB+ մակարդակի իջեցվելու մասին լուրը, որը համարվում է «սպեկուլյատիվ» կամ «աղբային» մակարդակ:
«Գուցե Gulf News-ն այդ տեղեկությամբ զգուշացրել է ԱՄԷ-ի ղեկավարությանը», -գրում է թերթը:
Բրիտանական Financial Times թերթի համաձայն' Ադրբեջանի իշխանութունները ծրագրել էին ԱՄՀ-ից և ՀԲ-ից 4 մլրդ դոլար վարկ ստանալ: Սակայն, այն բանից հետո, երբ բանակցություններն, ինչպես երևում է, տապալվել են, նախագահ Իլհամ Ալիևը և ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հերքել են միջազգային ֆինանսական կառույցներից վարկ խնդրելու մասին լուրերը' անվանելով դրանք «հակաադրբեջանական ուժերի սուտ» և հավելել, թե «Ադրբեջանը արտասահմանյան ֆինանսական օգնության կարիք չունի»:
2015 թվականին նավթի արտահանումից Ադրբեջանի ընդհանուր կորուստը կազմել է 10 մլրդ դոլարց ավելի: 2014 թվականի օգոստոսից մանաթի փոխարժեքը կայուն պահելու վրա Ադրբեջանի կենտրոնական բանկը ծախսել է իր 15,193 մլրդ դոլար արտարժույթի պահուստի 10,176 մլրդ դոլար մասը կամ 67 տոկոսը: Ադրբեջանի կառավարությունը շտկում է կատարել 2016 թվականի պետբյուջեում' նավթի մեկ բարելի գինը 50 դոլարի փոխարեն հաշվառելով 25 ԱՄՆ դոլար: Սամիր Շարիֆովը հայտարարել է, որ դրա հետ միասին' 2016 թվականի պետբյուջեում 1,7 մլրդ մանաթ դեֆիցիտ է կանխատեսվում:
Միջազգային վարկանիշային Standart & Poor's գործակալությունը հունվարի 29-ին մեկ դիրքով իջեցրել է Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշը և նրան շնորհել արտասահմանյան և տեղական արժույթով երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկային BB+ մակարդակի է վարկանիշ: Գործակալության տերմինաբանությամբ' Ադրբեջանի վարկանիշը հասել է «աղբ» սահմանի: Սպասվում է, որ Standart & Poor's-ի հետևից Ադրբեջանի վարկային վարկանիշը կիջեցնի նաև Mood's գործակալությունը: Իսկ դա իր հերթին նշանակելու է, որ Ադրբեջանն այսուհետ միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի բարձր տոկոսներով: