BPA ընկերությունը նախաձեռնում է թվով երկրորդ «Ինվեստ Արմենիա» գործարար համաժողովը, որը տեղի կունենա 2016 թվականի գարնանը: Այս մասին Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց «Ինվեստ Արմենիա» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանը:
Խոսելով անցած տարի անցկացված բիզնես-ֆորումի մասին՝ Վ. Փենեսյանը տեղեկացրեց, որ «Ինվեստ Արմենիա-2015-ը» տեղի է ունեցել մայիսի 8-ին, որի ժամանակ զեկույցով հանդես են եկել Երեւանի քաղաքապետը, էկոնոմիկայի, գյուղատնտեսության նախարարները եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ եւ մասնավոր կառույցի ղեկավարներ:
Ներկայացնելով գործարար համաժողովի նպատակները՝ ծրագրի համակարգողը նշեց. «Կարեւոր թեմա է ԵՏՄ-Իրան-Հայաստան համագործակցության ծրագիրն ու հեռանկարերը: Այս թեմայի հետ կապված՝ ակնկալում ենք ունենալ հյուրեր ե´ւ Իրանից, ե´ւ ԵՏՄ երկրների կազմից: Այժմ ակտիվ բանակցություններ են ընթանում, եւ շուտով կիմանանք՝ որ երկրներից ինչ կազմ է ներկայացվելու այս համաժողովի ժամանակ: Երկրորդ թեման է 2016-2018թթ. Տնտեսական կախատեսումները Հայաստանի համար:
Երրորդ քննարկվող թեման է միջազգային խոշոր առեւտրային ցանցերում հայկական արտադրանքի վաճառքի հնարավորությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր Հայաստանում ունենք միջազգային խոշոր առեւտրային ցանցի ներկայացուցիչ՝ հանձին «Քարֆուրի», այդ հարցերը կուղղենք «Քարֆուրի» գլխավոր տնօրենին՝ հասկանալու համար, թե ինչ հնարավորություններ կան, որ հայկական արտադրանքը արտահանվի տվյալ ցանցի միջոցով»:
Նրա խոսքով՝ կարեւոր թեմա է ԵՏՄ-Հայաստան-Իրան համագործակցության ծրագիրը, այն շատ արդիական ու հեռանկարային է:
«Հետաքրքիր է՝ Հայաստանի առաջ ինչ դռներ կբացվեն այն պարագայում, երբ Իրանի վրա դրված պատժամիջոցները հանվել են: Այս թեմայի շուրջ հայաստանյան կողմից զեկուցող է լինելու Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Այս ծրագրի աջակիցն ու համակազմակերպիչն է Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միությունը: Այս տարի կլինեն նաեւ զբոսաշրջության ու քաղաքաշինության թեմաներով քննարկումներ: Ֆորումի ընթացքում նաեւ կխոսվի այն խնդիրների մասին, որոնք առաջացել են գործարարի առաջ, կներկայացվեն ներդրումային առաջարկները: Ներդրումային առաջարկներ կլինեն ե´ւ հայաստանյան պետական կառույցի, ե´ւ մասնավոր ոլորտի կողմից»,- նշեց նա:
«Ինվեստ Արմենիա» բիզնես-ֆորումն այս անգամ տեղի կունենա «Թումո» ստղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որին արտերկիրից ժամանած հյուրերից կմասնակցեն նաեւ Հայաստանի պետական գործարար կառույցները, ինչպես նաեւ Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ 2015-ի ֆորումին ներկա են եղել ութ երկրի դեսպաններ: Ծրագրի համակարգողը վստահ է, որ այս տարի մասնակիցների թիվը ավելի շատ կլինի:
Սոսե Չանդոյան