Հայաստանում ներդրումների խթանմանն ու բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված, թվով երկրորդ «Invest Armenia-2016» բիզնես ֆորումն անցկացվելու է ապրիլի 22-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Ինչպես «Նոյյան Տապանի» թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Invest Armenia-2016»-ի կազմակերպիչ, «Invest Armenia» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանը, բիզնես ֆորումը կազմակերպում է BPA ընկերությունը «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության»' ի դեմս միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ համատեղ: Բիզնես ֆորումի կայացմանն աջակցել է նաև «Հայ-իրանական բարեկամության միություն» ՀԿ-ն: 

 

Ըստ նրա' «Invest Armenia-2016» բիզնես ֆորումի հիմնական թեմաներն են Հայաստան-Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության ծրագրերը և հեռանկարները, ինչպես նաև տնտեսական կանխատեսումներ Հայաստանի համար 2016-2018 թվականների կտրվածքով և միջազգային խոշոր առևտրային ցանցերում հայկական ապրանքի վաճառքի հնարավորությունները:

 

«Վերոնշյալ թեմաների շուրջ նախատեսվող քննարկմանը հրավիրել ենք «Քարֆուր»-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրենին, ով ներկայացնելու այն բոոր նախապայմանները, որոնք կան հայկական ապրանքներն օտարերկրյա ցանցերում վաճառելու համար, ինչպես նաև հայկական այն ընկերությունների ղեկավարներին, որոնք միջազգային շուկայում արտահանման փորձ ունեն և կարող են իրենց փորձով կիսվել մյուս գործարարների հետ»,- ասաց Վ. Փենեսյանը:

 

Վերջինիս փոխանցմամբ' միջոցառմանը հրավիրված են լինելու հյուրեր' Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից և Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ:«Invest Armenia» ծրագրի համակարգող Վ. Փենեսյանի խոսքերով' համաժողովի ընթացքում ներկայացվելու են վերջին տարիներին մեծ հաջողություններ ունեցած ընկերությունները. «Համաժողովից հետո ակնկալում ենք մասնակիցների այց հայկական մի քանի խոշար ձեռնարկություններ' արտադրական գործընթացին և տեխնիկական հագեցվածությանը տեղում ծանոթանալու նպատակով»:

 

Նրա գնահատմամբ' «Invest Armenia-2016» բիզնես ֆորումը բացառիկ հնարավորություն է բոլոր գործարարների համար թե իրենց բիզնեսը ներկայացնելու, թե նոր ներդրումներ և նոր գործընկերներ ձեռք բերելու տեսանկյունից:

 

«Բոլոր այն անձիք, ովքեր հետաքրքրված կլինեն բիզնես ֆորումին մասնակցելու առումով, կարող են դիմել BPA ընկերություն և ծանոթանալ մասնակցության հնարավորությունների»,- ասաց Վ. Փենեսյանը' հավելելով, որ մուտքը միայն հրավիրատոմսերով է և տոմսերով:

 

Նա կոչ արեց ներդրումային ծրագրեր ունեցող և գործող բիզնեսը մասամբ կամ ամբողջությամբ վաճառել ցանկացող գործարարներին դիմել BPA ընկերություն, որն համապատասխան ուսումնասիրություններից հետո այդ ընկերություններին կներկայացնի ֆորումի շրջանակներում:

 

BPA ընկերություն դիմելու համար ցանկացողները կարող են զանգահարել 56-41-76 հեռախոսահամարով:

 

Էլիզա Զախարյան