BPA ընկերությունը նախաձեռնել է Հայաստանում ներդրումները խթանող և բիզնես միջավայրի բարելավմանը նպատակաուղղված «Invest Armenia» ծրագիրը, որը կրելու է ամենամյա բնույթ: Այս մասին այսօր «Invest Armenia 2015» բիզնես ֆորումի մեկնարկին հայտարարեց BPA ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը:
Փենեսյանը նախ շնորհակալություն հայտնեց աջակիցներին՝ ՀՀ Երևանի քաղաքապետարանին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, ՀՀ Սփյուռքի նախարարությանը, ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը, ՀՀ Գործարարների և արդյունաբերողների միությանը:
Փենեսյանը նշեց, որ «Invest Armenia 2015» բիզնես ֆորումի նպատակն է հանգամանալից ներկայացնել Հայաստանի տնտեսության պոտենցիալը և ներդրումային հնարավորությունները:
Ելույթով հանդես եկավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով ողջունելով ներկաներին, ասաց. «Աշխարհաքաղաքական ներկա զարգացումները, բնականաբար, նոր պահանջներ են առաջացնում տնտեսական և գործարար դաշտում: Եվ այդ համատեքստում առանձնակի է կարևորվում են նման համաժողովները:
Սա յուրօրինակ հարթակ է դառնում հետաքրքրող հարցեր քննարկելու համար, հաջողված փորձի փոխանակման և նոր կապեր հաստատելու համար:
Համաժողովի մասնակից երկրների աշխարհագրությունը գործարար աշխարհի լավագույն ներկայացուցիչների մասնակցությունն է: Հրաշալի առիթ է ընձեռվում Հայաստանի, մասնավորապես, Երևանի տնտեսության պոտենցիալ ներդրումային հնարավորությունները գործարար աշխարհին ներկայացնելու համար»:
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ողջունելով ներկաներին և համաժողովի բոլոր մասնակիցներին, նշեց, որ «Invest Armenia 2015»-ը բավականին յուրօրինակ նախաձեռնություն է.
«Այն նախաձեռնվել է մասնավոր անձանց կողմից և իրենց նախաձեռնությամբ. հավաքելու մի տեղ հիմնականում Հայաստանի և այլ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարներին, որոնք այն օղակներն են, որոնք հիմնականում կապում են Հայաստանի առևտրական և գործարար համայնքը, և միևնույն ժամանակ փոխադարձ հետաքրքրություն առաջացնող ծրագրերի, հիմնական առաջ մղողը պետք է հանդիսանան»,- ասաց Ճշմարիտյանը և հավելեց, որ նմանատիպ նախաձեռնությունները զարգացնելու տեղ ունեն՝ ավելի մասնագիտական համաժողովներ կազմակերպելու և ավելի շատ ներդրողներ Հայաստան հրավիրելու առումով:
Ի դեպ, Ճշմարիտյանի խոսքով, օտարերկրյա ներդրողները կարևորում են հատկապես Հայաստանում գոյություն ունեցող աշխատուժի որակը:
Ելույթ ունեցավ նաև Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով ողջունելով նախաձեռնության կազմակերպիչներին, նշեց, որ գյուղատնտեսության ոլորտը երկրի կարևորագույն ոլորտներից մեկն է, որը վերջին տարիներին դինամիկ աճ է ապահովում:
Բիզնես ֆորումն անդրադարձավ նաև Եվրասիական տնտեսական միության կազմում Հայաստանի Հանրապետության տնտեսության առջև բացվող հեռանկարներին: Բիզնես ֆորումն ուղեկցվում էր զուգահեռ կազմակերպվող բիզնես շնորհանդեսներով, master class-երով, start-up բիզնես-մոդելների ներկայացումներով, success story-ների ներկայացումներով: Բիզնես ֆորումին կից անցկացվեց հայկական գինիների և կոնյակի ցուցադրություն և համտես:
«Invest Armenia 2015» բիզնես ֆորումին մասնակցում էին ՀՀ պետական գերատեսչությունների ղեկավարներ, 22 երկրի առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչներ, 100-ից ավելի սփյուռքահայ գործարարներ, միջազգային ներդրումային ֆոնդերի անդամներ, հայաստանցի գործարարներ, օտարերկրյա CEO-ներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բազմաթիվ երկրների դեսպանատների հրավերով Հայաստան ժամանող գործարար խմբեր:
Մանրամասները՝ տեսանյութում.