Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը կարող է նպաստել միջուկային էներգիայի խաղաղ կիրառման ոլորտում Հայաստան-Իրան համագործակցության զարգացմանը: Այդ մասին նշեց ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը՝ մարտի 3-ին մեկնարկած «Միջուկային անվտանգության 2014 թվականի գագաթնաժողովի ներկայացում. առանցքային գաղափարներ և նոր լուծումներ» թ եմայով քննարկմանը:

 

Նա հիշեցրեց, որ Հայաստանը երկու կողմից շրջափակված է թշնամի պետություններով, իսկ մյուս հարևանն էլ ունի իր աշխարհաքաղաքական դերը բացատրելու խնդիր:

 

Պատգամավորը նշեց, որ Իրանի միջուկային հարցի պատճառով այդ երկրի դեմ պատժամիջոցներից տուժեց նաև Հայաստանը: «Ընդամենը երկու օր առաջ մամուլում տարածվեց նորություն, որ Իրանի Նախագահը հայտարարել է միջուկային զենք ստեղծելու գաղափարից հրաժարվելու մասին: Եթե սա կբերի այն բանին, որ կլինի Իրանի նկատմամբ սանկցիաների թեթևացում, միգուցե Հայաստանի տնտեսության համար կբացվեն նոր հնարավորություններ առևտրաշրջանառության և ինչու ոչ՝ Հայաստան-Իրան միջուկային խաղաղ գիտելիքների և տեխնոլոգիաների շրջանակում համագործակցության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Պողոսյանը:

 

ԱԺ պատգամավորը Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու հարցում անհրաժեշտ է համարում Մեծամորի ատոմակայանի առկայությունը:

 

Իրանի միջուկային ծրագրի պատճառով Արևմուտքը պատժամիջոցների էր դիմել Հայաստանի հարևան այդ երկրի նկատմամբ: Associated Press-ի հաղորդմամբ՝ մարտի 1-ին Իրանի Նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրը հրաժարվել է միջուկային զենքի ստեղծումից, ինչը բացատրել է «բարոյական սկզբունքներով»:

 

Իրանի և միջնորդ երկրների «վեցյակ»-ի բանակցությունների հերթական փուլը կմեկնարկի մարտի 17-ին, Վիեննայում: