ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի խոսքով՝ Արցախի Հին Շենի բնակիչների համար անվտանգության առումով խնդիրներ չկան, գյուղի սկզբնամասում հենց տեղակայված են ռուս խաղաղապահները, սակայն պատգամավորը Մեծ Շենը դեռ այնքան էլ ապահով չի համարում, այս հատվածում խաղաղապահներ դեռ չկան: Պատգամավորն այս մասին ասաց ասուլիսում՝ մանրամասներ ներկայացնելով Նազելի Բաղդասարյանի հետ Արցախ այցի մանրամասներից:
«Տեղացիների վստահեցմամբ՝ Հին Շենում կան 40-ից ավելի ընտանիքներ, որևէ անվտանգության խնդիր իրենց համար չկա: Գյուղի հենց սկզբնամասում տեղակայված են ռուս խաղաղապահները, որոնք վստահեցրեցին գյուղի անվտանգ լինելու մասին: Մի փոքր մտահոգիչ էր Մեծ Շեն համայնքում բնակիչներ չլինելու փաստը: Ընդամենը 2 հոգի կային այնտեղ: Հավանաբար դա կապված է նրա հետ, որ մինչև Հին Շեն խաղաղապահներ չկային: Այդ հարցը կարծում եմ, որ մոտ ապագայում կկարգավորվի: Սկզբից (Արցախից Հայաստան ճանապարհին- հեղ.) Մեծ Շենն է, հետո նոր Հին Շենը: Խաղաղապահները Մեծ Շենը բաց են թողել, Հին Շենում են տեղակայվել»,-ասաց պատգամավորը:
Հովսեփյանի կարծիքով՝ հնարավորություն կա, որ Մեծ Շենի հատվածում հայտնվեն ադրբեջանցիները, կարծում է, որ սա է պատճառը, որ բնակիչները չեն վերադարձել այնտեղ:
«Մեղ տեղեկացրին, որ օրեր առաջ այդ ճանապարհահատվածի վրա հայտնվել են 30 ադրբեջանցիներ, և ռուսական խաղաղապահների միջնորդությամբ բացել են ճանապարհը: Հայտնվել էին հենց ուղիղ գյուղամեջ տանող ճանապարհին: Սա էր պատճառը, որ բարձրացվել էր աղմուկ, որ շրջափակման մեջ են: Եթե տեղանքին ծանոթ եք, մի փոքր անհավանական իրավիճակ էր շրջափակվելը»,-ասաց Հովսեփյանը:
Պատգամավորի կարծիքով՝ հենակետը պետք է դրվի մինչև գյուղ, որ ապահովագրված լինի: «Այս պահին Մեծ Շենն այնքան էլ ապահով չէ»,-նշեց պատգամավորը: