Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը չի սահմանափակվի հինգ տարով: Այս մասին վարչապետը նշել է ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:
«Հնգամյա ժամկետում, իհարկե, պետք է հասցնենք տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքներ ստեղծել։ Բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը ձգձգված է, ես չեմ կարծում, որ ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը կսահմանափակվի հինգ տարով։ Հնգամյա ժամկետը գործընթացի սկիզբն է, նախատեսված է ավտոմատ երկարաձգման հնարավորություն։ Ես կարծում եմ, որ այս պահին գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում կայունություն ապահովելն է և ԼՂ քաղաքացիների անվտանգությունն ապահովելը, ես կարծում եմ և հուսով եմ, որ ռուս խաղաղապահները հաջողությամբ կգործեն և կկարողանան իրապես կյանքի կոչել այդ առաքելությունը»,- ասել է Փաշինյանը: