Ռուս խաղաղապահների գործողությունը Լեռնային Ղարաբաղում չի սահմանափակվի հնգամյա ժամկետով: Հետագայում նրանց գործունեությունը տարածաշրջանում կարող է վերածվել մշտական բազայի: Նման կարծիք «Լեռնային Ղարաբաղ. Նոր աշխարհ» թեմայով մամուլի ասուլիսում, որը դեկտեմբերի 9-ին անցկացվել է «Պատրիոտ» մեդիախմբի կողմից, հայտնել է ստաս-քարտուղար, Ռուսաստանի ԴՕՍԱՖ-ի փոխնախագահ, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Ստասկովը: Այս մասին, News.am-ի փոխանցմամբ, հաղորդում է «Քաղաքականությունն այսօր»-ը:
Ստասկովի կարծիքով՝ հակամարտության պաշտոնական ավարտից հետո զինադադարը խախտելու ցանկություն ունեցող այլեւս չի լինի։ Այնուամենայնիվ, փորձագետը հնարավոր է համարել որոշ սադրանքներ Լեռնային Ղարաբաղում:
«Երբ հակամարտությունն ավարտված է, հակամարտության գոտում զանգվածային կերպով մասնակցել ցանկացողներ արդեն չկան: Առանձին սադրանքներ կարող են լինել: Սակայն խաղաղապահները միշտ պատրաստ են իրենց անվտանգության հարցերն ինքնուրույն լուծել: Այս մարդիկ պատրաստված են, իրենց սեփական զենքով են եւ որոշակի իրավունքներով: Կարծում եմ՝ այստեղ այդպիսի հատուկ տագնապ չպետք է լինի»,- կարծիք է հայտնել Ստասկովը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ իրավիճակներում կարող են ռուս զինվորականները ուժ կիրառել, նա ընդգծել է, որ միայն նրանց կյանքի եւ առողջության համար իրական սպառնալիքի դեպքում:
«Երբ հենց խաղաղապահներին է իսկապես վտանգ սպառնում։ Իսկ այլ դեպքում, առաջին հերթին, պետք է կանխեն ցանկացած բռնություն, մահ, զինաթափեն ռազմական գործողությունների համապատասխան մասնակիցներին, եթե դրանք դեռ զինաթափված չեն: Միջոցներ ձեռնարկեն, որպեսզի պատասխանատվության գոտում զինված բախումներ չլինեն: Սա ծայրահեղ դեպք է, երբ նրանց վտանգ է սպառնում, այդ դեպքում նրանք իրավունք ունեն զենք կիրառել»,- բացատրել է Ստասկովը:
«Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այս ծայրահեղ տարբերակով իրավիճակն այլ է: Վրաստանը խաղաղապահների վրա հարձակմամբ սկսեց ռազմական գործողություններ, իսկ հետո որոշեց գրավել համապատասխան տարածքները: Ե՛ւ խաղաղապահները, ե՛ւ աբխազները, ե՛ւ Հյուսիսային Օսիան պատրաստ էին իրադարձությունների զարգացմանը, Ռուսաստանը թույլ չտվեց ուժի կիրառում»,- ասել հեռարձակման մասնակիցը:
Զուգահեռ անցկացնելով այս իրադարձության հետ՝ Ստասկովը բացատրել է, որ Լեռնային Ղարաբաղում ներկայիս իրավիճակը շատ տարբեր է նրանից, ինչ եղել է 2008-ին:
«Հակամարտությունն ավարտված է, համաձայնագիր է ստորագրվել: Ամենակարեւորը՝ Հայաստանի Զինված ուժերը դուրս են բերվել հակամարտությունից, լայնամասշտաբ հակամարտությունը վերսկսելու գայթակղություն չպետք է լինի: Կարող են լինել փոքր սադրանքներ, բայց խաղաղապահները կարող են բացառել դրանք: Վրաստանի ու Հայաստանի տարբերակը բոլորովին այլ է: Երբ համաձայնագիրը ստորագրվում է, երկու կողմերն էլ պատասխանատվություն են կրում, խաղաղապահներ են մտցվել»:
Գեներալ-լեյտենանտը հավելել է, որ ժամանակ է պետք, որպեսզի ռուսական խաղաղապահների կողմից կարգավորվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը: Հնգամյա գործողությունը միայն առաջին փուլն է, արձանագրել է Ստասկովը:
«Հինգ տարին դեռ սկիզբն է, գործողությունը կարող է վերաճել ռուսական բազայի: Այս շրջանում այն անհրաժեշտ է՝ իրավիճակի վրա ազդելու, Թուրքիայի ազդեցությունը կանխելու համար: Այստեղ խաղաղարար ուժերը երկար ժամանակ կիրականացնեն խաղաղության պահպանման խնդիրներ: Քանի որ իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիայի ազդեցությունը մեծ է, մենք պետք է այդ բոլորը հաշվի առնենք»,- համոզված է Ստասկովը: