ԱՄՆ Կոնգրեսում մեծ թվով հայամետ, ինչպես նաև հայազգի պատգամավորներ ունենալը բավական լավ հարթակ է մի կողմից՝ ԱՄՆ-ում ընդլայնելու հայկական լոբբիստական հնարավորությունները, մյուս կողմից՝ բարձրացնելու Հայաստանի ու Արցախի համար առաջնահերթություն ներկայացնող տարբեր խնդիրներ:
Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց փորձագետ Նարեկ Մինասյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին:
« Հայկական հարցերով հանձնախումբը հայտարարություն է տարածել, որի համաձայն ընտրություններին իր աջակցությունն է հայտնել շուրջ 180 թեկնածուի, որի շուրջ 90 տոկոսին հաջողվել է անցնել Կոնգրես: Սա բավական լավ ցուցանիշ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մի շարք բավական ակտիվ գործիչներ, ովքեր ունեին հայամետ դիրքորոշում, այս ընտրություններին չէին մասնակցում: Հետևաբար, խնդիր կա լրացնելու այդ բացը՝ Կոնգրեսում ունենալով լավ գործընկերներ»,-ասաց Նարեկ Մինասյանը:
Փորձագետ Լիանա Հովհաննիսյանը, անդրադառնալով Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներին, նշեց, որ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներին հաջողվել է ստանալ մանդատների մեծամասնությունը: Նրանք նախնական տվյալներով ստացել են 223 մանդատ: Հանրապետականների ձայները Ներկայացուցիչների պալատում նվազել են: Ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի՝ Սենատում հանրապետականներին հաջողվել է պահպանել մանդատների մեծամասնությունը:
«Թեպետ դեմոկրատներին հաջողվել է Ներկայացուցիչների պալատում ստանալ մանդատների մեծամասնություն, ԱՄՆ օրենսդրության համաձայն, օրինագծերն անցնում են երկու երրորդով, ինչը լինում է մոտ 290 ձայն: Հետևաբար, 223 ձայնի դեպքում պետք է լինելու հանրապետականների աջակցությունը: Նույն խնդիրը լինելու է Սենատում հանրապետականների պարագայում»,-ասաց Լիանա Հովհաննիսյանը:
Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին՝ Նարեկ Մինասյանը նշեց, որ ներկայում բարենպաստ միջավայր է ձևավորվել:
«Հայաստանում եղել են ներքաղաքական զարգացումներ, փոփոխություններ, և ճիշտ ժամանակն է, որ հայ-ամերիկյան օրակարգում որոշ վերաձևակերպումներ տեղի ունենան: Այստեղ կարևորվում է նաև ԱՄՆ-ում Հայաստանի նոր դեսպանի նշանակումը, որը լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին»,-ասաց Նարեկ Մինասյանը: Փորձագետը նշեց, որ կարևոր է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության շրջանակում Հարավային Կովկասի ուղղությամբ որոշակի փոփոխություններ են նախատեսվում: Այդ մասին է վկայում վերջերս ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների այցը տարածաշրջան:
«Այս համատեքստում բավական կարևոր է, որ Հայաստանը նախաձեռնողականություն ցուցաբերի, և մի շարք փոփոխություններ կատարվեն հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում: Այդ փոփոխությունները պետք է հիմնվեն բավական կարևոր բանաձևի վրա՝ օգնությունից անցում դեպի փոխշահավետ համագործակցություն»,-ասաց Նարեկ Մինասյանը: Նա ընդգծեց, որ հնարավորինս բարձր մակարդակներով ԱՄՆ-ին պետք է հասցվի մի քանի կարևոր սկզբունքներ: Օրինակ՝ Հայաստանը ցանկացած երկրի հետ իր հարաբերությունները կառուցում է ոչ ի հաշիվ երրորդ երկրի: Նարեկ Մինասյանը նշեց, որ սա բավական կարևոր է, և նույն Ջոն Բոլթոնի այցի շրջանակում Հայաստանը հստակ փոխանցել է այն ուղերձը, որ հայ-իրանական հարաբերություններն ունեն կենսական, ռազմավարական կարևորություն: Իրանը ապահովում է Հայաստանի ցամաքային կապերից մեկը: