Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ ԱլԶաաբին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, կարևորելով արաբական երկրների հետ համագործակցությունը՝ ՀՀ ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ բարեկամ երկրի հետ համագործակցությունը հատկապես կրթության ոլորտում կլինի սերտ և արդյունավետ: Անդրադառնալով դեռևս 2016 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև գիտական և տեխնիկական համագործակցության միասին» փոխըմբռնման հուշագրին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ դրույթների կատարման ուղղությամբ գործնական քայլերի անհրաժեշտություն կա, ինչի իրականացումը կխթանի մեր երկրների միջև կապերի ամրապնդմանը՝ գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտներում: Իր հերթին կարևորելով հուշագրի իրագործումը՝ ԱՄԷ դեսպանը շեշտել է, որ դրան մեծապես կարող է նպաստել Հայաստանում մայիսին նախատեսված երկու երկրների միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը:
ԱՄԷ դեսպանը վստահեցրել է, որ առավելագույն ջանքեր կներդնի ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար և այդ համատեքստում նախարարին առաջարկել է դիտարկել ԱՄԷ գիտակրթական համակարգի գործունեությանը տեղում ծանոթանալու հնարավորությունը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ երկու երկրների կրթության և գիտության ոլորտը համակարգող պետական պաշտոնյաների փոխայցերը խթան կհանդիսանան հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը և կնպաստեն գործնական քայլերի իրականացմանը:
Նախարար Հարությունյանը բարձր է գնահատել դեսպանի՝ համագործակցության վերաբերյալ պատրաստակամությունը և ընդգծել, որ բարեփոխումների փուլում գտնվող Հայաստանի կրթական համակարգն իրապես բարեկամ երկրների աջակցության անհրաժեշտություն ունի: Այդ համատեքստում ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է Արաբական Միացյալ Էմիրությունների փորձի ուսումնասիրումն արհեստական բանականության և ներառականության ոլորտներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բարձրագույն կրթության համակարգում ուսանողների և դասախոսների փոխանակման, վերապատրաստման կազմակերպման, հանրակրթության համակարգում որոշ դպրոցներում արաբերեն լեզվի ներդրման հնարավորության և մի շարք այլ հարցերի: