Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ապրիլի 22-ին անցկացվելու է «INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովը: Համաժողովի նպատակների, օրակարգային հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է «INVEST ARMENIA 2016» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանի հետ:
-Պարոն Փենեսյան, «INVEST ARMENIA»-ն արդեն երկրորդ անգամ է անցկացվում: Ի՞նչ թեմատիկայով է այն ներկայանալու գործարարներին:
-Այո, համաժողովը երկրորդ անգամն է անցկացվում, և արդեն կարող ենք վստահաբար ասել, որ այն ամենամյա բնույթ է կրելու: Այն կազմակերպում ենք Արդյունաբերողների և գործարարների միության հետ: Մեր նպատակն է ներկայացնել Հայաստանի տնտեսության ներդրումային հնարավորությունները, հ եռանկարները և փորձել արտերկից գործարարաներ բերել Հայաստան: Ինչ վերաբերում է թեմատիկային, ապա այս տարվա համար ընտրել ենք «Հայաստան-Իրան-Եվրասիական միություն. Համագործակցության ծրագրեր և հեռանկարներ» թեման: Հաշվի առնելով այն, որ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանվում են, մենք պետք է հասկանանք, թե մեզ համար ինչ նոր հեռանկարներ են բացվել, ինչ նոր համագործակցության ծրագրեր կարող են լինել: Մենք համաժողովին հրավիրելու ենք գործարարների միությունների, առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների և’ Իրանից, և’ ԵԱՏՄ երկրներից: Մասնավորապես, Ռուսաստանից, Ղազախստանից: Ի դեպ, Ղազախստանի գործարարները մեծ հետաքրքրություն ունեն Հայաստանի նկատմամբ: Վերջին տարիներին Հայաստան-Ղազախստան առևտրաշրջանառության ծավալում անկում է նկատվում: Մեր ղազախ գործընկերներն ունեն նոր ծրագրեր և ցանկանում են դրանք ներկայացնել և մեր գործարարների հետ հասկանալ, թե ինչ ձևաչափով կարող են համագործակցել: Ի դեպ, վրացական կողմը նույնպես հետաքրքված է և ցանկանում է մասնակցել: Մենք հրավիրելու ենք նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայցուցիչների:
-Արդյո՞ք այս տարի ևս նախատեսվում է միջազգային խոշոր առևտրային ցանցերի մասնակցություն:
- Այո, անպայման: Մասնակցելու են միջազգային խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչներ: Մեր նպատակն է հնարավորություն ստեղծել, որ հայկական արտադրանքը վաճառվի նաև այդ ցանցերում: Հայաստանում արդեն ունենք միջազգային խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչ, ի դեմս «Քարֆուր»-ի: Մենք կփորձենք հասկանալ ինչ է անհրաժեշտ, որ հայկական ապրանքները վաճառվեն ցանցի այլ երկրների սուպերմարկետներում: Այժմ այլ միջազգային խոշոր առևտրային ցանցի հետ բանակցություններ ենք իրականացնում, առաջիկայում հստակեցում կլինի մասնակցության հարցում: Համաժողովի մեր մյուս թեման է «Տնտեսական կանխատեսումներ Հայաստանի համար 2016-2018 թվականներ»:
-Ինչպիսի՞ն է լինելու քննարկումների ձևաչափը և արդյո՞ք հայ գործարարները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ապրանքատեսակները, ծառայությունները կամ միգուցե ներդրումային ծրագրերը:
- Համա ժողովին, գործարարներից բացի, մասնակցելու են նաև պետական կառույցների ներկայացուցիչներ: Եվ համաժողովին չեն լինելու միայն զեկույցներ: Կոնկրետ հարցերի շուրջ անցկացվելու են կոնկրետ քննարկումներ: Գործարարները հնարավորություն են ունենալու հնչեցնել իրենց հուզող հարցերը: Նրանք ցանկանում են հասկանալ, թե ինչ է սպասվում, Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացումից հետո ինչ հնարավրություններ են ի հայտ գալիս, ինչ ծրագրեր կան, ինչպես կարող են համագործակցել: Շատերի համար պարզ չէ, թե որքանով է բաց այդ ուղղությունը: Գործարարներին հնարավորու թյուն կտրվի և իրենց արտադարանքն ու ծառայությունները ներկայացնել, և բիզնես նախագծերը ցուցադրել: Ի դեպ, մենք համաժողովին ներկայացնելու ենք նաև տարբեր ընկերությունների հաջողված պատմությունները: Այն ընկերությունների, որոնք ներդրումներ են կատարել Հայաստանում և հաջողությունների հասնել: Մասնակցել ցանկացող գործարարները կարող են դիմել «BPA» ընկերության գրասենյակ:
-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք նախատեսած:
-Առաջիկայում նախատեսում ենք «INVEST ARMENIA» համաժողովն իրականացնել նաև Ռուսաստանում և ԱՄՆ-ում: Դրանից բացի, մենք պատրաստվում ենք անցկացնել մասնագիտական գործարար համաժողովներ: Մասնավորապես, առաջիկայում սպասվում են զբոսաշրջությանը և քաղաքաշինությանը վերաբերող ֆորումներ: Կվերհանվեն ոլորտների խնդիրները, կփորձենք հասկանալ եղած ներուժը:
Աննա Գզիրյան