2013թ. հոկտեմբերի 11-ին Երևանում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների «Դարձնելով մայրաքաղաքը քաղաքացուն մոտ. մարտահրավեր հանրային իշխանությունների համար» խորագրով միջազգային համաժողովը: Համաժողովի աշխատանքը կմեկնարկի 14:30-ին՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում (հասցեն՝ Արամի 1):

 

Այն կազմակերպված է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում՝ Երևանի քաղաքապետարանի և ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ սերտ համագործակցությամբ: Համաժողովին կքննարկվեն մայրաքաղաքների կառավարմանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ կլինի հանրային ծառայությունների մատուցման և քաղաքացիների կյանքի որակի բարելավման գործում ծառացած արդի մարտահրավերներին:

 

Համաժողովը նաև Եվրպայի խորհրդի անդամ երկրներում լավագույն փորձի փոխանակման և արձանագրած առաջընթացի ներկայացման հնարավորություն կընձեռի: Համաժողովին կմասնակցեն Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետեր և փոխքաղաքապետեր, քաղաքապետարանների ներկայացուցիչներ, համապատասխան պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային և տեղական փորձագետներ:

 

Քննարկումներ կկազմակերպվեն հետևյալ հիմնական թեմաներով. - մայրաքաղաքների աճող դերը և կյանքի որակը - մայրաքաղաքների կառուցվածքային հնարավորությունը կյանքի որակի մարտահրավերներին անդրադառնալու համար: Համաժողովի բացմանը կմասնակցեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

 

Համաժողովի ավարտին փակման խոսքով հանդես կգան Ջոն Վորմիշամն ու Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և կներկայացվեն քննարկումների արդյունքների հիման վրա ստացված եզրակացությունները: