Այսօր' հոկտեմբերի 7-ին, Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 15-րդ նստաշրջանը, որին մասնակցել են ՀՀ, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի և Տաջիկստանի բարձրագույն վերահսկիչ մարմինների ներկայացուցիչները: Նստաշրջանի թեման է եղել «Պետական աուդիտը' որպես պետական ծրագրերի արդյունավետության բարձրացման գործիք»:
Նստաշրջանի մեկնարկին ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ստանձնել է ԱՊՀ երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի նախագահությունը:
Որպես գործող նախագահ' պարոն Զաքարյանը ողջունել է մասնակիցներին և նշել, որ հատկանշական է, որ նստաշրջանի անցկացումը համընկել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ և խնդրել ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
ՀՀ ՎՊ նախագահը շնորհակալություն է հայտնել Մոլդովայի իր գործընկերոջը և ԱՊՀ երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի քարտուղարությանը' 14-րդ և 15-րդ նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում աշխատանքների կազմակերպման բարձր մակարդակի համար:
Մասնակիցները հանդես են եկել ծավալուն զեկույցներով' համապարփակ անդրադարձ կատարելով կանոնակարգային, կազմակերպչական խնդիրներին, ներկայացնելով դրանց լուծման սեփական մոտեցումները: Քննարկումների արդյունքում նստաշրջանի մասնակիցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ըստ որի' վերահսկողական աշխատանքներում պետք է ցուցաբերել հստակ հետևողականություն, էական ուշադրություն դարձնել բացասական երևույթների պատճառահետևանքային կապերին, իսկ հետևողական վերահսկողությունը պետք է նպաստի արդյունքային ցուցանիշների ապահովմանը:
Նստաշրջանի ընթացքում պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նստաշրջանն իր աշխատանքները շարունակելու է հոկտեմբերի 8-ին և 9-ին: