Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի ղեկավարած պատվիրակությունը 2014թ. հուլիսի 1-3-ը Նիդերլանդների Թագավորության Մաաստրիխտ քաղաքում մասնակցել է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի անդամ երկրների 5-րդ նստաշրջանին և «Աղտոտիչների արտանետման և տեղափոխման մասին» արձանագրության (ԱԱՏՌ արձանագրություն) անդամ երկրների 2-րդ նստաշրջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել և ընդունվել է Մաաստրիխտի Հռչակագիրը, որն իր մեջ պարունակում է դրույթներ՝ կապված Օրհուսի կոնվենցիայի և Աղտոտիչների արտանետման և տեղափոխման մասին արձանագրության դրույթների տարածման, իրականացման և այդ ոլորտում մոտակա չորս տարվա ռազմավարության հետ:
Բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանն ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք մշակվել էին Օրհուսի կոնվենցիայի անդամ երկրների 5-րդ նստաշրջանի համար: Այդ թվում՝ որոշման նախագիծ V/9a Հայաստանին Օրհուսի կոնվենցիայով վերապահված պարտականությունների կատարման վերաբերյալ: Նմանատիպ փաստաթղթեր ընդունվել են նաև 9 այլ երկրների վերաբերյալ (Ավստրիա, Բելառուս, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Գերմանիա, Ղազախստան, Իսպանիա, Ռումինիա, Ուկրաինա, Թուրքմենստան, Միացյալ Թագավորություն):
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, հանդիպման ժամանակ ներկայացնելով կոնվենցիայի պահանջների կատարման ուղղությամբ տարվող աշխատանքները, տեղեկացրել է, որ 2014թ. հուլիսի 21-ին ՀՀ ԱԺ-ն ընդունել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Կոնվենցիայի քարտուղարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանը առաջիկայում ներկայացնի տեղեկատվություն այդ օրենքից և դրա ենթաօրենսդրական ակտերից բխող իրականացվելիք աշխատանքների մասին:
Բնապահպանության նախարարի տեղակալը հանդիպել է նաև Նիդերլանդների Թագավորության բնապահպանության նախարար Վիլմա Մանսվելդի, Ուկրաինայի շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարար Անդրեյ Մոխնիկի, Մաաստրիխտի քաղաքապետի և ԵԱՀԿ-ի Վիեննայի գրասենյակի ղեկավարի հետ: Հանդիպումների ժամանակ նախանշվել են հետագա համագործակցության ոլորտները և ուղիները: