Երևանում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի սահմանապահ զորքերի հրամանատարները:

 

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արմեն Աբրահամյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց նման հանդիպումների անցկացումը՝ ընդգծելով, որ դրանք ուղենշում են սահմանապահ զորքերի հրամանատարների գործունեության ուղիները, ինչպես նաև նպաստում համատեղ տեղեկատվական համագործակցության զարգացմանը: «Վստահ եմ, որ այս, ինչպես նաև մեր հետագա աշխատանքային հանդիպումներն արդյունավետ կլինեն, և մենք մեծ քայլ կանենք դեպի ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի համագործակցության հետագա ընդլայնում և զարգացում»,- ասաց Աբրահամյանը:

 

ԱՊՀ անդամ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների աշխատանքային հանդիպումների կազմակերպման մասին որոշում է կայացվել ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 69-րդ նիստի ընթացքում: Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդն ստեղծվել է ԱՊՀ պետությունների խորհրդի 1992թ. հուլիսի 6-ի որոշմամբ: ՍԶՀԽ-ն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի եւ կառավարությունների ղեկավարների խորհրդի կոլեգիալ մարմին է եւ զբաղվում է Համագործակցության երկրների արտաքին սահմանների ու տնտեսական գոտիների պաշտպանության, համակարգման հարցերով : ՍԶՀԽ անդամ են հանդիսանում ԱՊՀ անդամ-պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարները կամ ղեկավարները: